Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականին նախատեսված է Շուռնուխում 13 տուն կառուցել. Ղուլարյան

2021 թվականին նախատեսված է Շուռնուխում 13 տուն կառուցել. Ղուլարյան
Հասարակություն
13:24, 18 февраль 2021
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակն է լուծել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետեւանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով եւ օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդիրը, հայտնում է Armtimes.com-ը։

Հարցը զեկուցող քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ներկայացրեց Շուռնուխում կատարվող աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ դեռեւս հունվարի կեսերին անմիջապես մեկնել են Սյունիքի մարզ եւ տեղում մարզպետի, վարչապետի խորհրդականի հետ այցելել են Շուռնուխ, հանդիպել գյուղապետին, ծանոթացել խնդիրներին եւ մասնակցել նոր կառուցվող բնակելի թաղամասի հողատարածքի ընտրությանը:

«Դրանից հետո մեր մասնագետները սկսել են թաղամասի հատակագծման աշխատանքները: Հունվարի 29-ին փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ Կապանում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլեր, որոնք իրականացվում են այսօր: Այս ամսվա սկզբից մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն 13 բնակելի տների տեղակապման եւ շինարարական աշխատանքները»,- ասաց Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի եւ ցանկապատերի կառուցման աշխատանքները. «Աշխատանքները կազմակերպված են այնպես, որ մինչեւ տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման եւ բնակեցման գործընթացը»:

Կոմիտեի նախագահն ասաց, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում. «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն եւ ճանապարհը առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, եւ երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ կառուցել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականը, կազմում է մոտ 700 մլն դրամ»:

Ղուլարյանը նաեւ նշեց, որ այսօր ընդունվող կառավարության որոշումով նախատեսվում է պահուստային ֆոնդից Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով: