Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում այս տարի հրդեհներից զոհերի թիվը 5-ն է, տուժածներինը՝ 16․ ԱԻՆ աշխատակից․ Տեսանյութ

Անցյալ տարվա համեմատ, այս տարի հրդեհների դեպքերի նվազում է գրանցվել։

Անցյալ տարվա դեպքերը 1․931 էին, իսկ այս տարվանը՝ 1․570։ Ընդհանուր նվազումը՝ 18,7 տոկոս։ Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը՝ Արմենպրես լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում։

Նրա խոսքով այդ 1570 դեպքերից բնակելի շենքերում տեղի ունեցած դեպքերը կազմում են 9%,  առանձնատներում` 12%, տրանսպորտային միջոնցերում` 10 %, բուսածածկ տարածքներում`38% տոկոս, աղբի և աղբատարերի մասով` 13%, մնացյալ՝ այլ դեպքերով։ 
 
Հունվարի 1-ից մայիսի 20-ի դրությամբ հրդեհներից զոհերի թիվը 5-ն է, տուժածներինը՝ 16։

«Ընդհանուր առմամբ անցյալ տարվա համեմատ ունենք նվազում,սակայն,կոնկրետ ապրիլ ամիսը 2,1 անգամ ավել դեպքեր են գրանցել՝ նախորդ տարավանից․ այս տարի 439 դեպք էր, անցյալ տարի՝ 209 դեպք», - նշեց պարոն Սարոյանը։

Նա ապրիլ ամսվա դեպքերի աճը չի կապում եղանակի հետ, քանի որ բնակելի հատվածում ապրիլին անցած տարի 30 դեպք է գրանցվել, այս տարի՝ 40, առանձնատներում անցյալ տարի՝ 21, այս տարի՝ 38․ «Այսինքն՝ հավասարաչափ աճ կա՝ ապրիլի ընթացքում։ Եվ, իհարկե, ամենաշատ աճը եղել է բուսածածկ տարածքներում․ անցյալ տարի ապրիլին եղել է 61 դեպք, այս տարի ապրիլին՝ 191։ 3 անգամ շատ է եղել։ Գուցե, բուսածածկ տարածքների մասով եղանակային պայմանների ազդեցույթունը կա»։

93-94 տոկոսով հրդեհները  մարդկային գործոնով են պայմանավորված՝ նաև բուսածածկ, անտառածածկ տարածքներում։ Պատճառը անփությունն ու հրդեհային անվտանգության կանոնների չպահպանումը։ 

ԱԻՆ աշխատակցի խոսքով՝ հրդեհների առաջացման պատճառ են հանդիսանում հիմնականում անտառածածկ տարածքներում մարդկանց կողմից կրակ վառելուց հետո այն լիովին չհագեցնելը, ծխախոտը, ինչպես նաև, ապակե տարաների հանգամանքն էլ կարող է հրդեհներ առաջացնել։