Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չգիտեմ որևէ բարերարի, որ գումար փոխանցի հիմնադրամին՝ ունենալով որևէ այլ նպատակ. Մխիթար Հայրապետյան

«2020 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ՊԵԿ-ը սահմանել է կարգ, որով նաև «Իմ քայլը» հիմնադրամը պատշաճ կերպով մինչև հուլիսի 1-ը ներկայացնում է համապատասխան հաշվետվություն դոնորների կատարած նվիրատվությունների քանակի մասին՝ առանց անունները նշելու, որովհետև սահմանված կարգում նման պարտադիր կետ չկա»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։ 

Մեջբերելով նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ նվիրատուներն իրավունք ունեն պահանջելու չհրապարակել իրենց անունները։ 

Խոսելով նաև մեկ այլ հանգամանքի մասին՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինչպես հայաստանյան այլ հիմնադրամներում, արտասահմանյան բազմաթիվ հիմնադրամներում ևս այս պրակտիկան կիրառելի է, այն է՝ հիմնադրամների համար կարևոր է, որ նվիրատուները հավատան իրենց գործունեությանը, կատարեն այդ հանգանակությունները, եթե հավատում են այդ ծրագրերին և թափանցիկությանը, սակայն հարգում են նրանց որոշումը, որոնք երբեմն ցանկանում են մնալ անանուն։ 

«Ես շատ եմ ափսոսում, որ նման իրավիճակում ենք հայտնվել, որովհետև ես շատ կուզեի, որ բոլոր նրանք, ովքեր հանգանակություն են կատարում, հպարտանային դրանով, որովհետև ես չգիտեմ որևէ բարերարի, որևէ նվիրատուի, որը կարող է անգամ իրեն թույլ տալ որևէ գումար փոխանցել հիմնադրամին՝ մտքում այլ   նպատակներ հետապնդելով»,-ասաց Մխիթար Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան