Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող բռնցքամարտիկը ԿԳՄՍՆ-ից ստացել է 4,6 մլն դրամ, Օլիմպիական կոմիտեից՝ 1200 ԱՄՆ դոլար և 1,2 մլն դրամ․ «Գործող որևէ կարգ չկա, որից ինքը օգտված չլինի»

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող բռնցքամարտիկը ԿԳՄՍՆ-ից ստացել է 4,6 մլն դրամ, Օլիմպիական կոմիտեից՝ 1200 ԱՄՆ դոլար և 1,2 մլն դրամ․ «Գործող որևէ կարգ չկա, որից ինքը օգտված չլինի»
Հասարակություն
18:06, 27 март 2023
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում է, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում այլ երկիր ու շարունակելու է հանդես գալ այլ դրոշի ներքո։ Իսրայելյանը պնդում է, որ 13 տարի դադարից հետո նա առաջինն է, ով բռնցքամարտում դարձել է Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, սակայն պետությունը իրեն ոչնչով չի օգնել, ոչինչ չի արել։ «Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, որը միշտ ուզեցել եմ Իմ Հայ ազգիս դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ»,- գրել է Էրիկ Իսրայելյանը։

ԿԳՄՍ նախարարությունից Civic.am-ին հայտնեցին, որ Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող ստացել է տարեվերջյան միանվագ պարգևատրություն՝ 1 մլն 500 հազար դրամի չափով, և 800 հազար դրամ էլ՝ որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող։ 2022 թվականին ստացել է նաև սպորտային նպաստ՝ 6 ամիս 150-հազարական դրամի չափով։ Դեկտեմբերին էլ սպորտային նպաստ է ստացել՝ արդեն որպես աշխարհի երիտասարդների հաղթող՝ 200 հազար դրամ։ ԿԳՄՍՆ-ից տեղեկացրին նաև, որ Էրիկ Իսրայելյանը մեծահասակների որևէ առաջնության չի մասնակցել և չեմպիոն չի դարձել, նվաճումները ձեռք է բերել երիտասարդական մրցաշարերում։ Բռնցքամարտիկը ստացել է նաև անվանական թոշակ՝ 12 ամիս, ամսական 120 հազար դրամ։ ԿԳՄՍՆ-ից ստացած ամբողջ գումարը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ։ «Նախարարությունում գործող որևէ կարգ չկա, որից ինքը օգտված չլինի»,- ասացին ԿԳՄՍՆ-ից։ 

 2023 թվականին էլ Էրիկ Իսրայելյանը որպես աշխարհի  երիտասարդների հաղթող ստանում է 240 հազար դրամ՝ յուրաքանչյուր ամիս, նաև՝ որպես սպորտային նպաստ՝ 200 հազար դրամ յուրաքանչյուր ամիս։ ԿԳՄՍՆ-ից մարզիկին օգնել են նաև հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հարցում, սակայն Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել։ Բացի նախարարությունից, նաև Օլիմպիական կոմիտեն է օգնում մարզիկին։ Տարեվերջին Օլիմպիական կոմիտեից բռնցքամարտիկը ստացել է 1200 ԱՄՆ դոլար և 6 ամիս շարունակ ստացել է 200-հազարական դրամ։ 

Civic.am-ը զրուցեց նաև բռնցքամարտիկի հետ, ով ասաց, որ իրեն ոչ թե 4 մլն 600 հազար, այլ 2 մլն 300 հազար դրամ է տվել ԿԳՄՍՆ-ն, իսկ Օլիմպիական կոմիտեից ստացել է ընդամենը 400 հազար դրամ և վերջ։

Վովա Հակոբյան