Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ ազգային մտածելակերպն ու միասնությունը տուրք է տրվել քաղաքական շահերին՝ թշնամին մշտապես հասել է արդյունքի․ Նազելի Բաղդասարյան

Երբ ազգային մտածելակերպն ու միասնությունը տուրք է տրվել քաղաքական շահերին՝ թշնամին մշտապես հասել է արդյունքի․ Նազելի Բաղդասարյան
Հասարակություն
20:17, 22 май 2021
ԱԺ պատգամավոր, հասարակական գործիչ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերը հստակ կերպով արտացոլվում են հայկական տիրույթում, ավելին՝ հիմնավորվում և տարածվում են որոշակի քաղաքական շրջանակների կողմից: Այս գործընթացը շարունակական բնույթ  է կրում և առավել խտացված գուներանգ է ստացել հետպատերազմյան շրջանում: Շատերի մոտ ողջամիտ հարց կառաջանա՝ թե որն է սրա պատճառը, կամ ինչպիսի միտումներ այն ունի: Թերևս մեկ բան հստակ է, որ պետական շահը ստորադասելով՝ հայտնի խմբակներ, անհատներ և քաղաքական շրջանակներ փորձում են սրանով կորզել քաղաքական դիվիդենտներ՝ առաջիկա մրցապայքարում որոշակի շահ ստանալու համար:
 
Հիբրիդային պատերազմի դարաշրջանում տեղեկատվական անվտանգությունը կարևոր բաղադրիչ է, և այստեղ է, որ մենք պետք է փորձենք հնարավոր «ստերիլ» պահել արտաքին տեղեկատվական հոսքերը, որոնք բնականաբար ունեն հստակ մանիպուլատիվ ենթատեքստեր: Նպատակը մեկն է՝ ստեղծել տագնապ և անհանգստություն բնակչության ամենալայն շրջանակներում։ Իսկ հիմա թերևս հռետորական հարց՝ կարո՞ղ են արդյոք բոլոր քաղաքական շրջանակները մի կողմ դնել իրենց քաղաքական նկրտումները և գերադասել ազգային շահը և պետական մտածողությունը: Պարզ է, որ մեզ շրջապատող ոչ բարեկամ երկրները ունեն մեկ նպատակ՝ թուլացնել Հայաստանը ներսից, պառակտել ժողովրդին, և, դրանով իսկ հանդերձ, նվազեցնել դիմակայունությունը: Սա հստակ հնարք է, հստակ ձեռագիր, որը մշտապես բանեցվում է պատերազմող երկրների միջև, և այն դեպքում, երբ ազգային մտածելակերպն ու միասնությունը տուրք է տրվել քաղաքական շահերին՝ թշնամին մշտապես հասել է արդյունքի:

Շարքային քաղաքացուն տեղեկատվական հոսքերի մեջ շատ դժվար է տարբերակել կեղծն իրականությունից, և շատ հաճախ հրամցվող բազմապիսի լուրերը, դրան հաջորդող հերքումները, պարզաբանումները կարող են մոլորեցնել, և հարց է առաջանում՝ թե, այս ահագնացող կեղծիքի մեջ, որտեղ է իրականությունը:

Ներքաղաքական ճգնաժամը խորացնելու նպատակով՝ սահմանային և անվտանգային հարցերը մարդիկ դարձնում են լայն քննարկման և շահարկման առարկա, որը, նախ և առաջ, չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից: Եզրույթների անզգույշ օգտագործումը և որոշակի փաստաթղթերին հղում կատարելը՝ այսօր և հետագայում կարող է մեզ անուղղակիորեն վնաս հասցնել միջազգային ատյաններում: Արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է այս ամենը և հասկանում, որ այսօրվա նախընտրական պայքարի արդյունքում վաղը մենք և մեր երեխաները կարող են կորցնել ավելին: Պետական և ազգային շահը որևէ կերպ չի կարող ստորադասվել քաղաքական օրակարգերին, իսկ այսօր ճարպկորեն փորձ է  կատարվում մոլորեցնելու ժողովրդին։ 

Սակայն, լիահույս եմ,որ հենց ժողովուրդը հասկանում է, որ քաղաքական ուժը ինչ նպատակ է հետապնդում»։