Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանկատան երեխաների բնակարանների մոտ 1 մլն դոլարի գումարը «փոշիացրած» նախկին նախարար Աղվան Վարդանյանը՝ Քոչարյանի նախընտրական ուղեկից

Մանկատան երեխաների բնակարանների մոտ 1 մլն դոլարի գումարը «փոշիացրած»  նախկին նախարար Աղվան Վարդանյանը՝ Քոչարյանի նախընտրական ուղեկից
Հասարակություն
17:07, 24 май 2021
Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի անդամ, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, որը վերջին շրջանում օրն անցկացնում է Քոչարյանի դաշինքի գրասենյակի մոտ, իսկ այսօր ուղեկցել է նրան Արմավիր, մինչ այժմ պատասխան չի տվել իր պաշտոնավարման ժամանակ մանկատան երեխաների բնակարանների կառուցման գումարներից մոտ 1 մլն դոլարի անհետացման համար։ 

2008 թ-ին Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել էր, որ 2008 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 335 մլն դրամի սահմաններում մանկատների շրջանավարտների բնակապահովման ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից որևէ աշխատանք չի կատարվել։  

Մանկատան շրջանավարտներին հատկացվող բնակարանների ծրագիրը պետք է իրականացվեր 2003-2013 թվականներին: Ամենախոշոր հատկացումները եղել են 2003-2008-ին, այս ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը արդեն նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանն էր, որն այժմ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամն է։ 

Հիշեցնենք, որ 2000-ական թվականներին միլիոնավոր դրամներ հատկացվեցին մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու համար, սակայն շահառուները կա՛մ բնակարան չստացան, կա՛մ էլ՝ դրանք ապրելու համար պիտանի չէին։

Դաշնակցական Աղվան Վարդանյանը նախարար էր դարձել ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կուալիցիա կազմելու արդյունքում։ Վարդանյանը 2018 թվականին, Թավշյա հեղափոխությունից հետո, մայիսի 2-ին, երբ Դաշնակցությունն ընդհանուր որոշում ուներ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Վարդանյանը դեմ քվեարկեց, ապա վայր դրեց պատգամավորական մանդատը։ Համաձայն շրջանառվող լուրերի, Վարդանյանի նկատմամբ ՀՀԿ-ից ճնշումներ էին գործադրվել մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովման ծրագրի գումարները յուրացնելու, ապա Սերժ Սարգսյանի անմիջական ջանքերով պատժից խուսափելու կոմպրոմատի միջոցով։
 
Մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առանց մրցույթի պայմանագրեր է կնքել երեք ընկերությունների հետ՝ ընդհանուր տրամադրելով ավելի քան 1 մլրդ 800 մլն դրամ:

«Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը 2004-2006թթ․ համար նախատեսված 746,2 մլն դրամ արժողությամբ 132 բնակարանի փոխարեն հանձնել է միայն 70-ը, մնացած 62 բնակարանները՝ 295 մլն դրամ արժողությամբ չեն հանձնվել։ 

Ընկերության կողմից հանձնված և պատվիրատուի կողմից ընդունված թվով 12 բնակարաններից յուրաքանչյուրի ընդհանուր մակերեսն էլ պակաս է եղել սահմանված 38 մետր քառակուսուց։

Ըստ սահմանված տեխնիկական բնութագրերի բնակարանները պետք է լինեին վերանորոգված, ապահովված ջեռուցման համակարգով և կոմունալ հարմարություններով, սակայն այն ժամանակվա վերահսկիչ պալատի կողմից կատարված մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ բնակարանները չեն համապատասխանում գործող ինժեներական և սանիտարական նորմերին և պիտանի չեն բնակվելու համար։ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից արված ուսումնասիրությունից հետո պետությանը պատճառված վնասից 296,2 մլն դրամը «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը վերականգնում է։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն 2007 թվականի  դեկտեմբերի 24-ին պետական գնումների գործակալության և «Արիաց Գրուպ» ՍՊ ընկերության միջև կնքվել է 344,7 մլն դրամի գնման պայմանագիր։ «Արիաց Գրուպ» ՍՊ ընկերության կողմից 2008 թվականի ընթացքում գնվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել պայմանագրով նախատեսված 45-ի փոխարեն 32 բնակարան, սակայն ՀՀ վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան հաշվետվությունում արձանագրվել է, որ իրականում ոչ թե 32, այլ՝ 19 բնակարան է ներկայացվել, որոնք բնակության համար պիտանի չեն։ 

ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը կայացրել էր համապատասխան որոշումներ, ծրագրի կատարման նպատակով հատկացված բյուջետային միջոցների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը «Սոկոլ Գրուպ» և «Արիաց Գրուպ» ընկերությունների մասերով ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկելու վերաբերյալ։

ՀՀ վերահսկիչ պալատը Կառավարությանն առաջարկել էր քննարկել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի հետագա իրականացման հարցը, միջոցառումներ ձեռնարկել ծրագրի լիարժեք կատարումն իրագործելու ուղղությամբ և խախտումներ ու բացթողումներ թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության։

Սակայն, ծրագիրը այդպես էլ բավարար չիրականացվեց։ Մանկատան շրջանավարտներից շատերը բնակարաններ չստացան կամ ստացան բնակության համար ոչ պիտանի բնակարաններ։ Ծրագիրը շարունակվեց միայն 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո։

Հայտնաբերված չարաշահումների արդյունքում անգամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ քրեական գործ հարուցվեց, բայց պատժվողներ չեղան: Համաձայն այդ ժամանակ տարածվող խոսակցությունների, նախարար Աղվան Վարդանյանը պատժից խուսափեց Սերժ Սարգսյանի միջնորդությամբ և օգնությամբ։

Լուսանկարները՝ վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան զեկույցից։

Վովա Հակոբյան