Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մուտքերում և բազմաբնակարան շենքերում ապօրինաբար նախընտրական ցուցանակներ փակցնող քաղաքական ուժերը պետք է մնան լուսանցքից դուրս․ ավագանու անդամ

Մուտքերում և բազմաբնակարան շենքերում ապօրինաբար նախընտրական ցուցանակներ փակցնող քաղաքական ուժերը պետք է մնան լուսանցքից դուրս․ ավագանու անդամ
Հասարակություն
17:11, 25 май 2021
«Նախընտրական փուլը դեռևս չի սկսվել, չի հայտարարվել այդ մասին, բայց արդեն  քաղաքական տարբեր ուժեր շքամուտքերում՝ շենքերի չթույլատրված հատվածներում ցուցանակներ են փակցնում։ Մեր շքամուտքինը ես պոկել եմ, դրա համար կա սահմանված կարգ ու վայր»,-այսօր ավագանու նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցությունից Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։ 

Ավագանու անդամի դիտարկմամբ, եթե որևէ քաղաքական ուժ արդեն իսկ սկսում է օրենքներ խախտել՝ ապա այդ քաղաքական ուժը պետք է մնա լուսանցքից դուրս․ «Պարզապես եկել, թաքուն կախել են ցուցանակն ու գնացել։ Սրան պետք է տրվի համակարգային լուծում։ Կոչ եմ անում ԿԸՀ-ին ֆիքսել այդ խնդիրներն ու համապատասխան անդրադարձ կատարել»։ 

Երևան քաղաքի ավագանու նիստում այս հարցը քննարկվեց, նշվեց, որ մինչև 5քմ անվճար գովազդի ցուցատախտակներ կան փակցված Երևան համայնքում, և այդ ցանկն ուղարկվել է ԿԸՀ։ Ինչ վերաբերում է մուտքերում և բազմաբնակարան շենքերում ցուցանակներ փակցնելուն՝ ապա դա ապօրինի է։ 

Քաղաքապետարանը գրությամբ դիմել է բոլոր այն գովազդային ընկերություններին, որոնք բազմաբնակարան շենքերում իրականացնում են գործունեություն՝ ընդգծելով նախընտրական ցուցանակների հարցում ուշադիր լինել։ Այդ ընկերությունները քաղաքապետարանի կարգավորումից դուրս են, քանի որ համատիրություններին են գումար վճարում։