Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամեն կրակոցից հետո պառկում էինք՝ հուսալով, որ մեզ չի կպչի»․ Վիրավորված պայմանագրայինի հաշմանդամության կարգի հարցը լուծվել է

«Ամեն կրակոցից հետո պառկում էինք՝ հուսալով, որ մեզ չի կպչի»․  Վիրավորված պայմանագրայինի հաշմանդամության կարգի հարցը լուծվել է
Հասարակություն
16:23, 18 февраль 2021
Օրեր առաջ ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Տարոն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որտեղ նշել էր, որ ծառայելով ՀՀ Սահմանապահ զորքերում մասնակցել է պատերազմական գործողություններին և ստացել վիրավորում, ինչի արդյունքում թոքը մասնակի հեռացրել են, ճանաչվել է ոչ պիտանի և զորացրվել՝ այսպիսով` զրկվելով իր հիմնական աշխատանքից։ Սակայն հստակ պատասխաններ չէր ստացել, երբ դիմել է պետական տարբեր մարմինների՝ աջակցություն ստանալու նպատակով։ 

«Եթե զինծառայողին զորացրում են վնասվածքի պատճառով, ստացվում է, որ մարդը զրկվում ա իր գործից, փող աշխատելու հնարավորությունից։ Հիմա ոչ կանչում են, որ մի հատ թղթի կտոր տան, ոչ թոշակավորում են, ոչ ասում են, թե ինքս ոնց կազմակերպեմ էդ հարցերը, ոչ կարամ էս պահին աշխատեմ, ոչ էլ հնարավոր ա առանց աշխատելու ապրել», - դժգոհել էր վիրավորում ստացած պայմանագրայինը։ Տարոնի գրառմանը, ի ուրախություն իրեն, անմիջապես արձագանքել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի աշխատակիցները։  

Տարոն Ղազարյանը 29 տարեկան է՝ Վանաձոր քաղաքից։ Արդեն 2 տարուց ավելի է, ինչ ծառայում էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Պատերազմի առաջին օրվանից Տարոնը մեկնել է Արցախ։ Այնտեղ ուղեկալի ավագն է եղել, միացել են ՊՆ զորքերին ու մասնակցել են մարտական գործողություններին Իշխանաձորում և Հորադիզից Ջաբրայիլ ընկած տարածքներում։

«Պատերազմ մեկնելիս զգացողություններս շատ տարբեր են եղել։ Սկզբում կար վախ․ տեսնում ես այնպիսի բաներ, ինչը կյանքում երբեք չես տեսել։ Բայց հետո՝ մի քանի արկից, սնարյադից հետո, արդեն սովորական է դառնում ամենը։ Միակ միտքդ այն ա, թե ոնց անես, մի բանով օգուտ տաս ու մեկ էլ, դե, կենդանի մնաս», - պատմեց նա։  

Վիրավորումը Տարոնը ստացել  է հոկտեմբերի 2-ին՝ խրամատում՝ Իշխանաձորից դեպի Ջաբրայիլ ընկած հատվածում։ Նրա խոսքով՝ շատ ծաներ մարտեր են ընթացել այդ օրը ու ներքին զգացողություն է ունեցել, որ էդպես էլ լինելու է, վիրավորվելու է։
«Առավոտից մինչև ուշ գիշեր ինտենսիվ մարտեր են եղել։ Այնպես, որ նույնիսկ չենք հասցրել հաց ուտել։ Ինձ թվում ա, ով այդ օրը վիրավորում չի ստացել, դա հրաշքով է տեղի ունեցել», - պատմում է Տարոնը։

Նրա խոսքով՝ այդ օրը արկերից շատ զոհեր են ունեցել։ Ինքը ուսի երկու բեկորային վնասվածք է ստացել, որը թոքն է վնասել, - «Մինամյոտի հարված է եղել, անընդհատ ամեն ինչ գալիս էր մեր վրա՝ համ մինամյոտ, համ ավիառումբեր։ Ամեն ինչից կրակել են, ամեն մի ձայնի հետ, որ գալիս էր, մենք ուղղակի պառկում էինք, հուսալով, որ մեզ չի կպչի։ Բայց այդ մեկը կպավ»։

Տարոնին և մյուս վիրավորներին ընկերները հասցրել են մեքենաների մոտ ու անմիջապես տարել Հորադիզի սահմապահ զորքերի բուժկետ, որտեղից էլ, առաջին օգնություն ստանալուց հետո, ուղևորվել է Գորիսի քաղաքացիական հիվանդանոց, այնուհետև՝ Երևան ու վիրավորումից 6 օր անց վիրահատվել է։

Տարոնն այս պահին շնչառական խնդիրներ ունի։ Նրա խոսքով՝ սահմապահ զորքերի պարտականության մեջ քայլելը էական դեր ունի,քանի որ պետք է սահմանը հսկեն։ Իսկ քայլելը արդեն շնչառական դժվորություններ է առաջացնում իր համար։ Անցնելով բժշկական փորձաքննություն՝ պարզ է դարձել, որ շարային ծառության համար առողջությունը բավարար վիճակում չէ, ինչի պատճառով էլ զորացրվել է։ Նրա խոսքով՝ զորացրվելուց հետո պետք է հաշմանդամության կարգ ստանա, որպեսզի ստանա նաև կենսաթոշակ ու կարողանա ապրել։ Բարձրաձայնած բողոքն էլ հենց դրա հետ էր կապված, ինչը, սակայն, իր լուծումը արդեն ստացել է։

«Ես խնդիրը սկզբում սահմանապահ զորքերի հետ եմ փորձել ճշտել, իրենք ասել են, որ դեռևս տեղյակ չեն՝ ինչպես պետք է այդ պրոցեսը կատարվի, քանի որ այդ պահին ՀՀ-ում ոչ ոքի դեռ զինվորական հաշմանդամության կարգ չեն տալիս, իսկ քաղաքացիական հաշմանդամությունը մեզ հետ կապ չունեցող բան է», - պատմեց Տարոնը։

Տարոնի ֆեյսբուքյան գրառմանը անմիջապես արձագանքել է Սոցապ նախարարությունը։ Զրուցել է փոխնախախարի հետ, ով ուղորդել է նրան՝ ինչ փուլերով պետք է անցնել, համապատասխան քայլերից հետո նրան տրամադրել են հաշմանդամության 3-րդ կարգ, նշանակվել է կենսաթոշակ։ Հաշմանդամության կարգը, սակայն, քաղաքացիական է, զինվորական հաշմանդամության կարգն, ասել են, որ պաշտպանության նախարարությունը հետո պետք է տա։ 

«Այս պահին 1 տարով է տրամադրված կարգը, քանի որ խնդիրն այնպիսին է , որ գուցե մեկ տարի հետո վերականգնվի», - նշում է նա։
Տարոնը դեռ չի կողմոնորշվել՝ ինչով է զբաղվելու ապագայում։  

Սյուզի Սիրականյան