Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սահմանամերձ բնակավայրերում զենք բաժանելը անհրաժեշտություն է, բայց այսօր քաղաքացիական պատերազմի վտանգ էլ կա». Փորձագետ

«Սահմանամերձ բնակավայրերում զենք բաժանելը անհրաժեշտություն է, բայց այսօր քաղաքացիական պատերազմի վտանգ էլ կա». Փորձագետ
Հասարակություն
17:00, 18 февраль 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը և անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Զենքի մասին» օրենքում փոփոխություն են առաջարկում, որով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին որսորդական ակոսափող զենք ձեռք բերելու հնարավորություն կտրվի։

Նշենք, որ գործող օրենքով ակոսափող զենք ձեռք բերելու համար՝ քաղաքացին պետք է 5 տարվա որսորդական ողորկափող զենք ունենալու փաստաթուղթ ներկայացնի: Նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենց մշակած նախագծով այս 5 տարվա պայմանը հանվում է․«Այն հնարավորություն կտա սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ կրել որսորդական ակոսավոր զենք, որը քիչ է տարբերվում մարտական զենքից: Սա հաստատ կբարձրացնի նրանց անվտանգության զգացողությունը, կկարողանան նաեւ որս անել, վայրի կենդանիներից պաշտպանվել»,-ասել էր նա։

 Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենքով ապահովելու անհրաժեշտության մասին, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, բարձրաձայնել էր նաև Կապանի համայնքապետը։

«Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միության նախագահ Տարոն Բրսոյանի խոսքով, եթե հարցը դիտարկենք կենդանական աշխարհի պահպանության տեսանկյունից, այս նախագիծն այդքան էլ նպատակահարմար չէ, բայց քանի որ այսօր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում անվտանգության խնդիր կա՝ ունենք թշնամի պետություն, որը սահմաններով մոտեցել է մեզ՝ ապա օրենքի այս փոփոխությունն անհրաժեշտություն է։ 

«Գործող օրենքով 5 տարի ողորկափող հրացան ունենալու դեպքում կարող են ակոսափող հրացան ձեռք բերել, իսկ եթե ուժային կառույցի աշխատակից է՝ ապա այդ 5 տարվա ստաժը պարտադիր չէ։ Հիմա մենք ծանոթացել ենք օրենքին, սովորական քաղաքացիների դեպքում էլ հանվում է 5 տարվա պայմանը, սակայն այս լարված իրավիճակն անցնելու դեպքում ցանկալի է, որ օրենքը վերանայվի և կրկին գործի 5 տարվա ողորկափող հրացան ունենալու ստաժի պահանջը»,-հավելեց մեր զրուցակիցը։  

Տարոն Բրսոյանը նշեց նաև, որ Հայաստանում կա որսորդական, ծառայողական և մարտական հրազեն․ «Որսորդական ակոսափող հրացանի անվտանգության կանոններին տիրապետելը հնարավոր է նաև մեկ օրում։ Այդ զենքով հնարավոր է որսալ նաև խոշոր գիշատիչներ՝ գայլ, շնագայլ և այլն»։ 

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի տեսանկյունից էլ օրենքի այս փոփոխությունը «երկու երես ունի»․ «Մի կողմից՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակում սահմանային վտանգը՝ անպայման է, որ սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիները զենք ունենան, իսկ մյուս կողմից՝ մեր մենթալիտետն այնպիսին է, որ փոքր վիճաբանությունը կարող է արյունահեղութան հանգեցնել՝ զենքի առկայության պարագայում»։ 

Ռազմական փորձագետի խոսքով, որպեսզի քաղաքացին կրակելու փորձ ձեռք բերի, սովորի անվտանգության կանոնները՝ անհրաժեշտ է որոշակի պատրաստվածություն․

 «Մինչև զենքը քաղաքացիներին բաժանելն անհրաժեշտ է  զորավարժություններ անցկացնել՝ գոնե օրվա մեջ մեկ ժամ՝ մոտ երկու ամիս։ Եվ երբ քաղաքացին մարտական պատրաստվածություն կունենա՝ կրակել կսովորի և քննություն կհանձնի, այդ ժամանակ նոր կարելի է զենքը տրամադրել։ Հիմա Հայաստանում լարված քաղաքական իրավիճակ է՝ պատերազմից հետո տարածքային կորուստներ, հարազատների կորուստ, երեխա կորցրած ծնողներից շատերն իրենց չեն տիրապետում հիմա, կրքերը բորբոքված են և քաղաքացիական պատերազմի վտանգ էլ կարող է լինել»։

Մեր զրուցակիցը մատնանշեց, որ, օրինակ, Շվեյցարիայում զենքը պահվում է հատուկ զենքի համար նախատեսված սեյֆում, իսկ սեյֆը բավական թանկ արժի, և Հայաստանում պետությունը չի կարող բոլորին սեյֆ բաժանել, հետևաբար այն քաղաքացիները, որոնք զենք ձեռք կբերեն՝ պետք է հաշվի առնեն, որ այդ զենքը պահելու են տանը, որը պետք է անհասանելի լինի երեխաների համար։

Նարա Մարտիրոսյան