Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շիրակի մարզում չհամարձակվեք քարոզարշավ անել»․ գերիների հարազատներ․ factor.am

«Շիրակի մարզում չհամարձակվեք քարոզարշավ անել»․ գերիների հարազատներ․ factor.am
Հասարակություն
17:39, 27 май 2021
Պատերազմի ավարտից հետո Խծաբերդի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատներն այսօր Շիրակի մարզպետարանում էին։

Նրանք հայտարարեցին, որ որևէ քաղաքական ուժի թույլ չեն տալու մարզում քարոզարշավ անցկացնել։

«Եթե իմացանք՝ եկել եք էստեղ քարոզարշավի, ձեր մուրը ձեր գլուխը։ Էրեխեքին բերեք՝ կանգնենք կողքներդ։ Որ մեկդ բերեցիք, իր կողքը կկանգնենք։ Առանց երեխեքի ոչ մի ընտրություն։ Մենք մեր բալեքին ենք ուզում, շատ բան չենք ուզում, հո փող չե՞նք ուզում։ Ընկել եք ձեր աթոռների հետևից։ Բերեք մեր երեխեքին, նոր ընկեք ձեր աթոռների հետևից, ընտրություն արեք»,- ասաց ծնողներից մեկը։

Գերիներից մեկի հայրն էլ հայտարարեց, որ մինչև գերեվարված տղաներից յուրաքանչյուրը չվերադառնա իր օջախ, այս մարզում ընտրություններ չպետք է անցկացվեն։ Ասաց, որ 6 ամիս է՝ իրենց երեխաներին չեն տեսել, և հավելեց․ «Մեր զինվորականների անգիտակ, անխոհեմ հրամանների պատճառով են նրանք հայտնվել Բաքվում»։

«Մեր տղաների հետ վերադարձը ոչ միայն ձգձգվում է, այլ լույսը չենք տեսնում։ Կան միջազգային օրենքներ, պատերազմից հետո պիտի գործի Ժնևյան կոնվենցիան, գերիները հետ վերադարձվեն։ Մեր տղաներին պահել են իրենց ձեռքում, ինչպես ուզում են, այնպես անում են, և որպես խաղաքարտ՝ դնում են մեր երկրի առաջ»,- ասաց նա։

Գերիների հարազատները քաղաքական ուժերին զգուշացրեցին՝ չգնան Շիրակ՝ քարոզարշավի․ «Մենք կորցնելու բան չունենք, կգնանք ամենավերջին քայլին»։