Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չկալովկա համայնքի տարածքում վեր խոյացավ Հայաստանում պետական ամենաբարձր դրոշը

Չկալովկա համայնքի տարածքում վեր խոյացավ Հայաստանում պետական ամենաբարձր դրոշը
Հասարակություն
20:33, 28 май 2021
Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի «Նոյ Լենդ» հյուրանոցային համալիրի տարածքում վեր խոյացավ Հայոց Եռագույնը՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ 53 մետր բարձրությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 
 
«Տեղադրված Եռագույնն առայժմ ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն Սևանի մակարդակից բարձր է 70 մետրով։ Դրոշն ունի 9 մետր երկարություն և 4,5 մետր լայնություն։ Նախաձեռնությունը պատկանում է «Նոյ Լենդ» հանգստյան գոտու սեփականատիրոջը:
 
Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը։ Առաջնորդական տեղապահը ոգեկոչեց Հայաստանի Հանրապետության հիմնադիրների, Հայաստանի ազատության համար մարտնչող հերոսների անունները և խաղաղություն ու հաղթական ընթացք մաղթեց մեր հայրենիքին։
 
Ներկաներին Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի և դրոշի բարձրացման առիթով ողջունեցի և շնորհավորեցի։
 
Մեր նախնիները 103 տարի առաջ այս օրերին հերոսական մաքառումով հաստատեցին հայկական պետականության կերտման ճանապարհը, ինչի շնորհիվ մենք ունեցանք մեր միակ ու սուրբ հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու հնարավորությունը։ Այս դրոշի բարձրացումը Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի առթիվ լավ առիթ է` լցվելու նոր եռանդով ու հավատով և միասնական ուժերով շարունակելու հայրենիքի շենացման ու հզորացման գործը։
 
Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա առթիվ, ցանկանում մեր երկրին խաղաղություն, լուսավոր ու հաղթական գալիքներ»,- գրել է մարզպետը։