Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՇՄ նախարարությունը Արմավիրի մարզում արջի քոթոթի սպանության դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն

ՇՄ նախարարությունը Արմավիրի մարզում արջի քոթոթի սպանության դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն
Հասարակություն
18:32, 29 май 2021
Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության դեպքի առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ՀՀ ԲԸՏՄ-ին և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է.

«Newspress.am կայքն ահազանգել է Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության վերաբերյալ։

Համացանցում է հայտնվել լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։

Նրանք, ըստ ամենայնի, սպանել են այդ քոթոթին ու հպարտանում են իրենց որսով։ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Անընդունելի է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։

Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։

Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (թեժ գիծ՝ 119) կամ դիմել շրջակա միջավայրի նախարարություն»: