Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչը մինչև հունիսի 24-ը՝ ընտրությունից հետո, անհիմն հետաձգեց Մարտի 1-ի գործը կարճելու դեմ դատախազության և տուժողների բողոքի քննությունը

Վերաքննիչը մինչև հունիսի 24-ը՝ ընտրությունից հետո, անհիմն հետաձգեց Մարտի 1-ի գործը կարճելու դեմ դատախազության և տուժողների բողոքի քննությունը
Հասարակություն
13:16, 31 май 2021
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվեց Ռոբերտ Քոչարյանի,Յուրի Խաչատուրովի,Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վերաբերյալ դատախազության բողոքը, ինչպես նաև տուժող Մեսրոպ Թադևոսյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքը։

Նիստը նախագահում է Վերքաննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, կազմում են՝ դատավորներ Սևակ Համբարձումյանն ու Կարեն Մարդանյանը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նիստին դատավոր Նարինե Հովակիմյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից դիմում են ստացել, որ նա մայիսի 24-ից գտնվում է արձակուրդում և խնդրում է նիստը հետաձգել և վերանշանակել հունիսի 9-ից հետո։

Այնուհետև դատարանը տեղեկացրեց, որ տուժող Մեսրոպ Թադևոսյանից նույնպես գրություն են ստացել, որով նա խնդրել է իր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը հետ վերադարձնել, քննության առարկա չդարձնել իր կողմից տրված լիազորագիրը հետ վերադարձնել իրեն։

Արձագանքելով՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ թեև իր պաշտպանյալը պատճառները չի ասում, բայց ինքը կռահում է ինչն է պատճառը և այդ մասին կխոսի ավելի ուշ։

Դատարանը լսելով Սեդա Սաֆարյանի դիրքորոշումը՝ որոշեց Մեսրոպ Թադևոսյանի բողոքը թողնել առանց քննության։

Իսկ Էրիկ Ալեքսանյանի միջնորդության վերաբերյալ Սեդա Սաֆարյանն ասաց․ «Տարիուկես, երկու տարի էդ ենք արել, հիմա չեմ զարմանում։ Եթե օրինական էլ թուղթ է ներկայացվել, էս անգամ կարող ենք թողնել, որ դատարանը հարգի այդ միջնորդությունը»։ 

Այնուհետև դատարանը դատավոր Մարդանյանի առաջարկով որոշեցին քննել Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի և Հայկ Ալումյանի բերված վերաքննիչ բողոքը, որը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոցը վերացնելուն կամ գրավի չափը նվազեցնելուն և քանի որ որևէ կերպ չի առնչվում դատավարության մյուս մասնակիցների շահերին, առաջարկվում է աշխատանքային օրն արդյունավետ օգտագործել և վերաքննիչ բողոքները լսել։ Սակայն լսելով կողմերին որոշում կայացվեց բողոքների քննությունը հետաձգել և հաջորդ դատական նիստը նշանակել հունիսի 24-ին, ժամը 14․00-ին։ 

Ստացվում է՝ դատարանը անհիմն 15 օր ավելի հետաձգեց դատական նիստը, այն պարագայում, երբ նման կարևոր հարց է քննվում։ 

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ իրենք վերաքննիչ բողոքը ներկայացրել են ոչ միայն ՍԴ դիմելու հիմքով, այլ իրենց դիմումը վերաբերում էր դատախազական լիազորություն իրականացնելուն։

«Մենք նաև համապատասխան իրավական ակտերի քրեադատավարական նորմերը 35 հոդվածի և արդարացնելու վերաբերյալ նորմը հակասահմանադրականության տեսանկյունից վիճարկելու մասով միջնորդել էինք առաջին ատյանի դատարան, հետևաբար կիրառության ենթակա են վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Հետևաբար, վերաքննիչ քրեական դատարանը ևս պետք է ղեկավարվի այդ նորմերով՝ օրինական ուժի մեջ թողնելու կամ բեկանելու առաջին ատյանի դատարանի դատական ակտը, հետևաբար որևէ խոչընդոտ չեմ տեսնում մեր բողոքների քննության և մեր համար դրական լուծման համար։ Ոչ միայն մեղադրանքը վերաորակվի այլև այս միջնորդություններն ըստ էության քննարկվեն և համապատասխան լուծում ստանան»,-ասաց դատախազը։