Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս գործի շրջանակներում մեր հնարավորությունների սահմաններում իրականացնելու ենք սեփական հետաքննությունը. Զորամասի կացարանում հրդեհից մահացած զինվորների ծնողների ներկայացուցիչ

Այս գործի շրջանակներում մեր հնարավորությունների սահմաններում իրականացնելու ենք սեփական հետաքննությունը. Զորամասի կացարանում հրդեհից մահացած զինվորների ծնողների ներկայացուցիչ
Հասարակություն / Իրավունք
13:22, 29 март 2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում 15 զինծառայողների ողբերգական մահից հետո փաստաբան Նորայր Նորիկյանը ներգրավվել է որպես զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների ներկայացուցիչ։
 
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նորայր Նորիկյանն ասաց, որ սույն թվականի փետրվարի 8-ից սկսած մինչև այսօր ընկած ժամանակահատվածը քրեական վարույթի հետագա նախաքննությունը 5-րդ կայազորային քննչական բաժնից տեղափոխվել է և այս պահին գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում, ըստ էության դարձյալ գործում է քննչական խումբ, բայց քննչական խմբի ղեկավարը այդ վարչության քննիչներից մեկն է։ 
«Այս պահի դրությամբ ստացվել են զոհված 15 զինծառայողներից թվով 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, որոնց եզրափակիչ մասերը, այսինքն՝ հետևությունները, տառացիորեն նույն բովանդակությունն են կրում: Մնացած հինգ զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները մինչ այս պահը իրենց չեն տրամադրվել կամ դեռևս չեն ստացվել վարույթն իրականացնող մարմին։ 

Բայց այս առումով որոշակի տարակուսանք է առաջացնում այս հանգամանքը, որ մինչև այս պահը մնացած հինգ զինծառայողների վերաբերյալ փորձաքննության եզրակացություններ չեն ստացվել։ Այս պահի դրությամբ հարցաքննվել են դեռևս 10 տուժողներ, այսինքն՝ ծնողներ, մնացած 5 զոհված զինծառայողների ծնողների հարցաքննությունները սպասվում են առաջիկայում։ Մենք այս գործի շրջանակներում նախապես հայտարարել ենք, որ մեր հնարավորությունների սահմաններում իրականացնելու ենք սեփական հետաքննությունը»,- ասաց Նորայր Նորիկյանը։ 

Վերջինս նաև նշեց, որ սույն թվականի փետրվարի 9-ին իր կողմից համապատասխան դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին՝ հանդիպման պահանջով, և իրենց համար իսկապես տարակուսելի է պաշտպանության նախարարության ղեկավարության պահվածքը։