Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա արտառոց դեպք է, ամենախիստ ձևով պատժեք մեղավորին․ Տիգրան Ավինյան

Սա արտառոց դեպք է, ամենախիստ ձևով պատժեք մեղավորին․ Տիգրան Ավինյան
Հասարակություն
12:15, 03 апрель 2023
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին խնդրեց ներկայացնել մետրոպոլիտենի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերաբերյալ իրավիճակը, որի պատճառով մետրոպոլիտենը մասնակի, արտակարգ ռեժիմով էր աշխատում։

Բաբկեն Սեդրակյանը նշեց, որ վարորդներից մեկն է նկատել փոշու ամպ և անմիջապես զեկուցել, որից հետո դադարեցվել է մետրոյի աշխատանքը։

«Սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր, որը շատ մեծ հավանականությամբ կարող էր զոհերի պատճառ դառնալ։ Այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Շատ ոլորտի մասնագետներ իրենց ոլորտին իմիջիայլոց են վերաբերվում, և դրա հետևանքով մետրոյի գծերի վրա ապրիլի մեկին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի»,- ասաց փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14:23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի էր ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։
Փլուզման հետևանքով քարերը թափվել էին մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։