Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աջափնյակում ապօրինի տաղավարներ տեղադրելու փաստերով համապատասխան վարույթ է հարուցվել․ քաղաքապետի խոսնակ

Աջափնյակում ապօրինի տաղավարներ տեղադրելու փաստերով համապատասխան վարույթ է հարուցվել․ քաղաքապետի խոսնակ
Հասարակություն
16:24, 07 июнь 2021
Civic.am-ին երեկ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչները տեղեկացրել էին, որ Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ «Կայսեր» սուպերմարկետից քիչ ներքև գտնվող կանգառի վրա տանիք են կապել։

Քաղաքացիները տեղեկացրել էին, որ կանգառը գտնվում է երկու խանութների մեջտեղում և չի բացառվում, որ վաղը կանգառի տարածքը վերանա և վերածվի ապօրինի խանութի՝ մյուս երկուսի հետ միավորված։

Մեկ ուրիշ փողոցում էլ տեղադրվել էր ապօրինի տաղավար, որը քաղաքապետարանը հեռացրել էր։

Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ասաց, որ տեղյակ է կանգառի հետ կապված դեպքից եւ երկու դեպքում էլ վարույթ է հարուցվել․ «Իհարկե տեղյակ ենք եւ համապատասխան վարույթ է հարուցվել այդ դեպքերի կապակցությամբ», - նշեց նա։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը դեպքի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որոշ մարդկանց լկտիությունը հասել է գագաթնակետին: Մեր ծառայություններն այժմ աշխատում են այս լկտիությունը ապամոնտաժելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ խնդրի վերաբերյալ քաղաքացիները տեղեկացրել են նաև ոստիկանությանը։