Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերին Լարսը փակ է, 2000-ից ավելի բեռնատար է կուտակվել

Վերին Լարսը փակ է, 2000-ից ավելի բեռնատար է կուտակվել
Հասարակություն
17:31, 19 февраль 2021
Վերին Լարսի անցակետն արդեն չորրորդ օրն է՝ դարձյալ փակ է։ Անցակետի միայն ռուսական կողմում կուտակվել է մոտ 2000 բեռնատար, որի շուրջ 10 տոկոսը հայկական մեքենաներն են։

«Արդեն շուրջ 2000 մեքենա է հավաքվել ռուսական կողմում։ Մարդիկ խոնարհ կանգնած են, առանձին դեպքերում բողոքներ կան։ Լարսում վրան են կանգնեցրել, որ մարդիկ կարողանան գոնե տաք ուտելիք ունենալ»,- Lragir.am-ին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նրա խոսքով՝ տեղումներն արդեն գրեթե դադարել են։ Առաջիկայում ևս խոշոր տեղումներ չեն սպասվում։ «Կարծում եմ՝ երկու օրվա ընթացքում ճանապարհը եթե ոչ ամբողջությամբ, ապա կիսով չափ կբացվի»,- ասաց նա։

Ըստ Թանանյանի՝ ձնահյուսի վտանգն է մեծ, քանի որ մեծ չափի տեղումներ են եղել։ Հետևաբար, նաև այդ վտանգից ելնելով՝ ներկայում հնարավոր չէ բացել ճանապարհը։

Հայ փոխադրողները դժգոհում են ստեղծված իրավիճակից, փոխանցեց Թանանյանը։

«Ամբողջ գիշեր զանգում են, հատկապես ներքևում կուտակված մեքենաների վարորդները չեյն հավատում, որ ճանապարհը փակ է։ Իրենց միշտ թվում է, որ ինչ-որ մեկը մի խարդախություն անում է»,- հավելեց նա։