Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսել են, որ ադրբեջանական կողմը ամրաշինական աշխատանքներ է անում, կրակոցներ են հնչել, թշնամու տրակտորը հետ է գնացել. Կութ համայնքի ղեկավար

Տեսել են, որ ադրբեջանական կողմը ամրաշինական աշխատանքներ է անում, կրակոցներ են հնչել, թշնամու տրակտորը հետ է գնացել. Կութ համայնքի ղեկավար
Հասարակություն
17:44, 11 июнь 2021
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակը նախօրեի կրակոցներից հետո նորմալ է, նոր միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց համայնքի ղեկավարը։ Սիմա Չիթչյանը նշեց, որ կրակոցները գյուղի ներքևի ուղղությամբ է եղել, բնակիչներից շատերը կրակոցները չեն լսել։

«Ով դուրսն է եղել, լսել է։ Օդ են կրակել, թե ինչ, չեմ կարող ասել, բայց դեպի գյուղ կրակոց չի արձակվել։ Գյուղում խուճապ չի եղել»։

Չիթչյանը նշեց, որ տեղեկացել է, որ ադրբեջանական կողմը կրկին փորձել է ամրաշինական աշխատանքներ կատարել։

«Տեսել են ժողովուրդը, կրակել են, տրակտորը գնացել է այդտեղից։ Կրակոցները հետո դադարել են։ Հեռադիտակով նայում են, զինվորական գործա, մեզ շատ բան չեն ասում»։

Չիթչյանը նշեց, որ ադրբեջանցիները սարերում՝ բարձունքներում են տեղակայված, բնակիչներն էլ անգամ հեռադիտակով չեն տեսնում՝ ինչ աշխատանքներն են իրականացնում, նույն հողակույտերն ու վրաններն են տեսնում։

«Ոնց եղել է, հիմա էդպես ենք տեսնում։ Հողակույտերը նույն ձև են մնում։ Բայց էնտեղ կարող է հիմա շատ գործեր են անում, մենք դրանք չենք տեսնում»։

Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ արոտների հարցը չի լուծվել, անասուններին արոտի դժվարությամբ են պահում։ Ադրբեջանցիների հայտնվելուց հետո վախենում էին բարձրացնեին անասուններին իրենց արոտները, որտեղ հիմա ադրբեջանական դիրքերն են։

«Շատ դժվար է անասունի արոտի հարցը, տեսնենք մինչև երբ կլինի»։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։