Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խաղալ մարդկանց հույզերի, ծանր ապրումների հետ՝ անթույլատրելի է եւ, մեղմ ասած, սրիկայություն»․ հոգեբանը՝ ծնողների հոգեվիճակը իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու որոշ ուժերի վարքագծի մասին

«Խաղալ մարդկանց հույզերի, ծանր ապրումների հետ՝ անթույլատրելի է եւ, մեղմ ասած, սրիկայություն»․ հոգեբանը՝ ծնողների հոգեվիճակը իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու որոշ ուժերի վարքագծի մասին
Հասարակություն
16:59, 22 май 2023
Տպավորություն է, որ 44-օրյա  պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ հայտնվել են  ռևանշի ձգտող շրջանակների «քաղաքական հոգեորսության» թիրախում։  Հոգեհուզական խոցելի վիճակում գտնվող որդեկորույս  ծնողների  հետ  «աշխատանք տանող» հայտնի սուբյեկտները նրանց ամոքելու, սփոփելու, վշտակցելու, ապրումակցելու  փոխարեն ակնհայտորեն զբաղված են մեկ խնդրով՝ հոգեբանական ներգործության միջոցներ բանեցնելով՝  ծնողներից ստանալ  պոտենցիալ ահաբեկիչներ ու  մահապարտներ, որոնք պիտի իշխանությունի՛ց լուծեն իրենց որդիների վրեժն ու թույլ չտան «Արցախի հանձնումը», այն Արցախի, որի համար զոհվել են իրենց որդիները։  Ծնողների հանրային խոսքում  հենց այս շեշտադրումներն են դոմինանտ՝ «վրեժ» և «Արցախի հանձնում», որոնցից էլ բխեցվում է նրանց գործողությունների մոտիվը։  

Մեկ տարի առաջ այս օրերին, հիշեցնենք, երբ Դիմադրության շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում զբաղված էր  Արցախը փրկելով, պատերազմում որդի ու հարազատ կորցրած մի խումբ ծնողներ, որոնց մեջ էր նաև մանկապարտեզ մտնելու և տեռակտ իրականացնելու սպառնալիք հնչեցրած  Գարիկ Գալեյանը,  «Եռաբլուր» պանթեոնում  երդում տվեցին. «Մեր զոհված զավակների շիրիմների առջև երդվում ենք՝ Արցախը չենք զիջելու, Հայաստանը հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատամքին, ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք, երդվում ենք»։ Երդման տեքստը կարդաց  44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, որին միացան մյուս ծնողները՝ երեք անգամ խմբակային կրկնելով՝ «երդվում ենք»։ Նկատենք, որ մահապարտների երդում հիշեցնող այդ արարողությունն անցնում էր  Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ  Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոգևոր հովանու ներքո։  

Որդեկորույս ծնողներն  այս ընթացքում քանիցս մասնակցել են պետական տարբեր հաստատությունների առջև ակցիաների,  որոնց աջակցելու, բայց իրականում ՝ դիրիժորություն անելու են  գնում  խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ՝ Գեղամ Նազարյան, Ագնեսա Խամոյան, Իշխան Սաղաթելյան, Ասպրամ Կրպեյան, Քրիստինա Վարդանյան և այլք։   

Իշխանության հանդեպ վրեժով, ատելությամբ գերդոզավորված ծնողները,  բնական է,  պատեհ առիթի դեպքում դիմում են  հակաօրինական գործողությունների՝ դրանք  մեկնաբանել-արդարացնելով որպես  «հայրենափրկության», պատվախնդրության, արդար վրեժի լուծմանն ուղղված ակտ։ ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առևանգելու միջադեպը, ենթադրում ենք, հենց այդ՝ վրեժխնդրության  տրամաբանության մեջ արված քայլ է, և պատահական չէ, որ այդ քայլը դատապարտելու փոխարեն ընդդիմադիր շրջանակներն այն համարեցին «հերոսածին մոր պատվախնդիր արարք» (հատուկ շեշտելով արարքի հեղինակի կարգավիճակը), հետևապես այդ ակտը ենթակա չէ իրավական գնահատականի։  Իսկ այսօր արդեն Կառավարության շենքի առաջ հավաքված ծնողները մահվան սպառնալիք պարունակող արտահայտություններ էին հնչեցնում իշխանության հասցեին, վիրավորում ու անիծում վարչապետի անչափահաս դստերը...

 «Ապագա» հոգեբանական կենտրոնի հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը, որը պետական ծրագրի շրջանակներում (համագործակցում է ՊՆ-ի հետ) աշխատել  է պատերազմին մասնակցած  զինծառայողների, որդեկորույս ծնողների  հետ (և այժմ էլ շարունակում է ըստ անհրաժեշտության  աշխատել) Civic.am-ի հետ զրույցում «նողկալի» որակեց ծնողների հոգեվիճակը շահարկելու ու այն իրենց  քաղաքական կարիքների համար օգտագործելու որոշ ուժերի վարքագիծը։ «Խաղալ մարդկանց հույզերի, ծանր ապրումների հետ՝ անթույլատրելի է և, մեղմ ասած, սրիկայություն»,- նկատեց հոգեբանը՝ շեշտելով, որ անզգույշ վարմունքը կարող է չափազանց ծանր, անդառնալի  հետևանքներ ունենալ մարդու հոգեկան առողջության վրա։ Բեջանյանը նշեց, որ  հոգեբանի իր ծառայություններից  բավականին մեծ թվով որդեկորույս ծնողներ են օգտվել, որոնց մեջ եղել են նաև նրանք, ովքեր  իշխանությանը չէ, որ մեղադրում են պատերազմում պարտության համար։ Ճշտմանը՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ հանդիսացող և իշխանության դեմ բողոքի ակցիաներ անող ծնողների թվում կա՞ն մարդիկ, ովքեր  պետական աջակցությամբ  մատուցված հոգեբանական ծառայություն են ստացել, օրինակ՝ Գարիկ Գալեյանը, Ազգուշ Մարտիրոսյանը և այլք,  Բեջանյանը դժվարացավ ասել. «Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, թե ովքեր են այդ ՀԿ-ում, և կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Ասեմ, որ ովքեր ժամանակին ստացել են աջակցություն, նրանք շատ զուսպ են, ցավը տանում են, այսպես ասենք՝  արժանապատիվ։ Իսկ ովքեր չեն ստացել հոգեբանական աջակցություն, բնական է, որ նրանց ցավը շատ սուր է և ունենալու է տարբեր դրսևորումներ։ Եվ այստեղ պետությունը լուրջ խնդիր ունի՝ ընդամենը 5 ամիս ֆինանսավորեց, որպեսզի աշխատենք նման կոնտինգենտի հետ, որից հետո սառեցվեց այդ ծրագիրը։ Հիմա էլ, երբ ՊՆ-ից դիմում են, մենք շարունակում ենք աշխատել կարիք ունեցող մարդկանց հետ՝ անվճար հիմունքներով»։ Հոգեբանի խոսքով՝ ծրագիրը պետք է երկարատև լինի, «քանի որ մարդու հետտրավմատիկ սթրես-խանգարումը մի քանի ամսում չի անցնում, այլ կարող է տարիներ  տևել, հետևապես հոգեբանական աշխատանքը պետք է լինի շարունակական»։  

Նշենք, որ 2021 թ. փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը թիվ 131-Ն որոշմամբ հաստատեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը։ Որոշմամբ սահմանվեցին պետական աջակցության շրջանակներում հոգեբանական վերականգնման ծառայությունների տեսակները, թիրախ խմբերը։ 

Կառավարության 2021 թ. թիվ 639-Ն որոշմամբ՝ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվից արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 100 մլն դրամ՝ ծրագրի իրականացման համար: Հաջորդիվ հայտարարվեց մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին 7 կազմակերպություն և մեկ Անհատ ձեռներեց ներառող կոնսորցիում։ Ծրագրում ներգրավվեց մոտ 60 հոգեբան։  Նախատեսվեց վեցամսյա ծրագիր, որի ֆինանսավորումը հատկացվել է 2021 թ. մայիսի 21-ին, իսկ հոգեբանական  աջակցության փաստացի աշխատանքներն սկսվել են միայն 2021թ. հունիսի 1-ից։ 

Բեջանյանը նշեց, որ իր տվյալներով՝ շուրջ 10 հազար շահառու է  սպասարկվել, որը, հաշվի առնելով պատերազմի մասշտաբները, փոքր  թիվ է։  «Իհարկե, այս ընթացքում ծրագրի ավարտից հետո էլ ենք մենք աշխատել, սակայն մարդու մոտ համոզմունք փոխելը այդքան հեշտ չէ։ Ե՛վ  որդեկորույսները, և՛ պատերազմում դժվար իրավիճակում հայտնված զինվորները՝ հետտրավմատիկ սթրես-խանգարում ունեցած անձինք,  այդքան հեշտ չեն հաղթահարում իրենց հոգեվիճակը։ Գոնե 30-40 տոկոսը պետք է  հաղթահարի, որ կարողանա ազդել մնացածի վրա։ Չէ՞ որ իրենք էլ են հանդիպում միմյանց»։  

Մեր հարցին՝ որպես մասնագետ՝ ինչպե՞ս եք գնահատում  վարչապետի որդու առևանգման փաստը, դա հոգեհուզական բարդ վիճակում տեղի ունեցած պոռթկո՞ւմ էր,  թե՞ ինչ-որ մեկի կողմից ուղղորդված քայլ, հոգեբանն արձագանքեց՝ հոգեհուզական բարդ իրավիճակում գտնվող մարդու դեպքում անգամ թեթև ուղղորդումը կարող է ունենալ  ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունք։ «Ըստ իս՝ միշտ կա ուղղորդում։ Ցանկացած տրավմայի, բացասական ապրումների ժամանակ բավական է մեկ անզգույշ խոսք, և դա կարող է բերել լուրջ խնդիրների։ Ենթադրենք, գալիս են կորուստ ունեցող հարազատի մոտ սփոփելու և այսպիսի արտահայտություն անում՝ կարող էիր թույլ չտալ, որ գնար բանակ կամ  պատերազմ, որից հետո ծնողն ընկնում է շատ ծանր ապրումների, ինքնամեղադրանքների մեջ, և սուիցիդալ մտքեր են առաջանում։ Անզգույշ խոսքը կարող է բուռն արձագանք ի հայտ բերել և դրդել գործունեության։ Եթե անգամ մարդու մտքում են նման գործողությունները պլանավորվում, ապա փոքր կայծը՝ ուղղորդող խոսքը, կարող է խթանել, որպեսզի մարդն իրագործի մտքինը»,- նկատեց մեր զրուցակիցը։ 

Հասարակությունն ինքն էլ, ըստ հոգեբանի, հետպատերազմական սթրեսը դեռ չի հաղթահարել և նյարդային վիճակում է, ուստի  կարող են լինել բռնությունն ու որդեկորույս ծնողների ենթադրյալ հակաօրինական արարքներն  արդարացնողներ։ «Երբ հնչեց հայտարարություն մանկապարտեզներ մտնելու և տեռակտ անելու մասին (Գարիկ Գալեյանի կողմից-խմբ.), համապատասխան արձագանք չեղավ թե՛ իրավապահների, թե՛ մասսաների՝ բնակչության կողմից։ Եթե սխալը չի դատապարտվում ու չի պատժվում, այն կարող է ունենալ շարունակություն։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր»,- նշեց հոգեբանը։    

Հեղինե Մանուկյան