Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդգար Ղազարյանը, որը «Բյուրեղ» համալիրում բնակարան է գնել, դատարանին միջնորդել է իրեն արտոնություն տրամադրել, քանի որ հնարավորություն չունի վճարել պետական տուրքը․դատարանը մերժել է

Էդգար Ղազարյանը, որը «Բյուրեղ» համալիրում  բնակարան է գնել, դատարանին  միջնորդել է իրեն արտոնություն տրամադրել, քանի որ հնարավորություն չունի վճարել պետական տուրքը․դատարանը մերժել է
Հասարակություն
22:12, 24 май 2023
Արդեն հայտնել ենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը քաղհայցեր  է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի և (խմբակցության քարտուղար) Արթուր Հովհաննիսյանի։ 
 
Նշենք, որ հայցվորը միջնորդություն է ներկայացրել դատարան  պետտուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ։ Civic.am-ը datalex.am-ից պարզեց, որ մայիսի 16-ին դատարանը որոշել է մերժել  (Ռուստամ Բաքոյանի գործով) պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը և  վերադարձնել հայցադիմումը։ Դատարանի որոշման մեջ մասնավորապես նշված է, որ «հայցվորը, հայցադիմումին կցելով կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվությունները (հաշվետու ժամանակահատված՝ 01/10/2022-31/12/2022թ․ և 01/01/2023-31/03/2023թ․) հայտնել է, որ միջոցների անբավարարության պատճառով հնարավորություն չունի վճարել պետական տուրքը, քանի որ չի աշխատում և չունի եկամտի որևէ աղբյուր, ուստի խնդրել է պետական տուրքի մասով սահմանել վճարման արտոնություն և հետաձգել պետական տուրքի վճարումը՝ անդրադառնալով եզրափակիչ դատական ակտով»:
 
Դատարանն արձանագրել է, որ ներկայացված ապացույցի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 01/10/2022-31/12/2022թ. և 01/01/2023-31/03/2023թ․ ներառող ժամանակահատվածում հայցվորը գրանցված աշխատանք չունի, այդուհանդերձ  անձի գույքային դրության մասին պատկերացում կազմելու համար միայն գրանցված աշխատանք չունենալու փաստը բավարար չէ։  Հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց այլ եկամտի աղբյուր չունենալու մասին, իսկ ներկայացված ապացույցը վկայում է միայն գրանցված աշխատանք չունենալու մասին։ «Ընդ որում, հարկ է ընդգծել, որ հայցվորը ներկայացրել է ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային պահանջներ, սակայն չի վճարել պետական տուքը ո՛չ գույքային, ո՛չ ոչ գույքային պահանջների համար։ 
 
Դատարանը, կարևորելով յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքը, միաժամանակ նկատի ունենալով, որ պետական տուրքի վճարումը ո՛չ ՀՀ Սահմանադրական դատարանը, ո՛չ Վճռաբեկ դատարանը, ո՛չ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեն դիտել դատարանի մատչելիության սահմանափակում, ընդգծում է, որ որպեսզի անձի նկատմամբ կիրառվի պետական տուրքի վճարման արտոնություն, հայցվորը պետք է հիմնավորի իր գույքային դրությունը և դրանով պայմանավորված՝ պետական տուրքի վճարման անկարողությունը: Տվյալ դեպքում ներկայացված ապացույցով չի հիմնավորվում հայցվորի գույքային դրությունը»,-մասնավորապես նշված է դատարանի որոշման մեջ։ 

Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հայցապահանջի ճակատագրի վերաբերյալ   datalex.am-ում դեռևս որևէ ծանուցում զետեղված չէ։
 
Նկատենք, որ, պետտուրքի արտոնություն ստանալու համար միջնորդած, գործազուրկ  Էդգար Ղազարյանը, ինչպես իր աղբյուրներից պարզել էր civic.am-ը, Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» բնակարանային համալիրում մեկ քառակուսի մետրը 1080 դոլարով բնակարան է ձեռք բերել։ Նույն  համալիրում բնակարան է ձեռք բերել նաև Ղազարյանի քույրը։