Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես սփյուռքաբնակ հայեր մտածում ենք, որ Հայաստանի ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի բնակչությունը. ՌԱԿ ԿՎ փոխատենապետ Ասատուր Դովլաթյան

Այսօր Հայաստանում մեկնարկեց Ռամկավար ազատական կուսակցության 29-րդ ընդհանուր պատգամավորական ժողովը։ Այն կանցկացվի մայիսի 25-27-ը։ Ժողովին մասնակցելու համար Հայաստանում են գտնվում կուսակցության լիազոր պատգամավորները աշխարհի տարբեր երկրներից։

Համագումարին ներկա էին նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիգեն Խաչատրյանն ու Հակոբ Ասլանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և այլք։ 

ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ասատուր Դովլաթյանն իր ելույթում նշեց, որ ընդհանուր պատգամավորական ժողովը պիտի քննարկի հայ ժողովրդին, հետևաբար Ռամկավար ազատական կուսակցությանը հետաքրքրող հիմնահարցեր և դրանց շուրջ պետք է կայացնի որոշումներ և բանաձևեր։

«Սակայն կտրականապես չպիտի քննարկվեն այն հիմնական սկզբունքները, որոնք եղել են ու կմնան ՌԱԿ-ի անքննարկելի համոզումները։ Անպայմանորեն պետք է ապահովվի մեր հայրենի սահմանների անձեռնմխելիությոնը և մեր հայրենաբնակ ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև իրավահավասար, ժողովրդավար և կաշառազերծ միջավայրում ապրելու նրա անուրանալի իրավունքը: Ինչ վերաբերում է հերոսական Արցախին, համազգային գերհզոր ճիգերով արմատապես պետք է կասեցվի հայրենի, մեր հարազատ բնօրրանի հայաթափումը»,- ասաց Ասատուր Դովլաթյանը։

Ժողովի ժամանակ ընթերցվեց նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովը ողջունող ուղերձները։ 

Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը փոխանցեց Զարեհ Սինանյանը։ Վարչապետն իր ողջույնի խոսքում նշել է, որ ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է  ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ և անցած ճանապարհով ապացուցել կենսունակությունը:    

Զարեհ Սինանյանն էլ իր ողջույնի խոսքում նշեց, որ Ռամկավար ազատական կուսակցությունը ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի սերտ գործընկերն է ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում։

«Մենք լիահույս ենք, որ կուսակցությունն առավել կընդլայնի իր քաղաքական գործունեությունը հայրենիքում՝ նպաստելով պետականության կայացմանը, Հայաստանի խնդիրների լուծմանն ու զարգացմանը։ Կարծում եմ՝ կուսակցությունն իրապես ունի առաջընթացի մարդկային ու ինտելեկտուալ մեծ ներուժ, ինչպես նաև՝ համակիրների բանակ»,- ասաց Զարեհ Սինանյանը։ 
 
Ռամկավար ազատական կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Հրաչյա Կարապետյանն էլ իր խոսքում նշեց, որ ՌԱԿ-ը միշտ կանգնած է եղել ՀՀ-ի կողքին, և շատ հպարտ է, որ հանդիսանում է  այդ կուսակցության անդամ։

«Կուսակցություն, որը պատմության ընթացքում միշտ կանգնած է եղել ՀՀ-ի կողքին, կուսակցություն, որի համար Հայաստանի  անկախ պետականությունը հանդիսանում է բարձրագույն արժեք, անկախ նրանից, թե ով է այդ պետության ղեկավարը։ Կուսակցություն, որի համար եկեղեցին հանդիսանում է ազգային արժեք, անկախ նրանից, թե ով է եկեղեցու ղեկավարը. դա շատ կարևոր հանգամանք է»,- ասաց Հրաչյա Կարապետյանը։   

Լրագրողների հետ զրույցում Ասատուր Դովլաթյանը հույս հայտնեց, որ այսօրվա ժողովը հիմք կհանդիսանա, որպեսզի կուսակցությունը սկսի առավել ակտիվ գործունեություն իրականացնել Հայաստանում։

«Մենք, որպես սփյուռքաբնակ հայեր, մտածում ենք, որ Հայաստանի ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի բնակչությունը։ Մենք հավատում ենք, որ միայն երկու բան է հավերժական՝ հայրենիքը և ժողովուրդը, մնացյալ ամեն ինչ անցողիկ է և պարագայական»,- ասաց Ասատուր Դովլաթյանը։

Վերջինս նշենց, որ  Ռամկավար ազատական կուսակցությունը հիմնադրվել է 1921 թվականին այս անվանումով, բայց «Արմենական» կուսակցությունը, որը հիմնվել է 1885 թվականին Վանում, առաջին քաղաքական կազմակերպությունն էր հայկական իրականության մեջ, որն իր հետ ունենալով ևս վեց կուսակցություն՝ 1921 թվականին միավորվեցին՝ վերանվանվելով Ռամկավար ազատական կուսակցություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան