Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականին ունեցել ենք 4604 ճանապարհատրանսպորտային պատահար, 2022-ին արձանագրվել է 4308-ը․ փոխոստիկանապետ

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում է 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ 

Հանձնաժողովում քննարկվելու են ԱԻՆ և ոստիկանության ծրագրերը։ 

Ոստիկանության ծրագիրը ներկայացնելուց հետո ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հարց ուղղելով ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին, ասաց, որ երբ նայում են ոստիկանության ելքային ծրագրերի և միջոցառումների գծով արդյունքային կատարողական ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվությունը, ամենամտահոգիչ բանը, որը տեսնում է կարծես թե ոստիկանության կրթահամալիրում ունենք դիմորդների էական կրճատում և ընդհանրապես մագիստրատուրաում 3 սովորող  և ուզում է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը և ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկում այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ 

«Մենք նման իրավիճակ կարծես թե բոլոր բուհերում ունենք, բայց այս դեպքում ոստիկանության կրթահամալիրն իր առանձնահատկություններն ունի և ձեր ենթակայության տակ է։ Դուք ի՞նչ եք պլանավորում այս ուղղությամբ, որովհետև մենք 212 ուսանող էինք պլանավորում ունենալ և ըստ այդմ ձեզ ֆինանսական հատկացում էինք տվել, բայց փաստացի, ցավոք սրտի ընդամենը 103 ուսանող ունենք, իսկ մագիստրատուրայի դեպքում պլանավորել էինք 20-ը և ունենք 3-ը, սա իմ կարծիքով մտահոգիչ է և երևի թե պետք է միասին որոշենք՝ ինչ-որ մի մեխանիզմ, որ այս պատկերը չունենանք։ 

Գևորգ Պապոյանը նաև հետաքրքրվեց, թե ինչն է լատենտային հանցագործությունների ավելացման և ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացման պատճառը։

Արձագանքելով Արա Ֆիդանյանն ասաց, որ միշտ չէ, որ լավ ճանապարհը կանխում է ճանապարհային վթարները, երբեմն հակառակ տենդենցն էլ է նկատվում։

«Ինչ վերաբերում է թվերին, մենք աճ չունենք, 2021 թվականին իրավախախտումները կազմել են 1 միլիոն 821 468, 2022 թվականին կազմել է 1 միլիոն 655 183։ ՃՏՊ-ների հետ կապված, ողջ հանրապետությունում 2021 թվականին մենք ունեցել ենք 4604, 2022-ին արձանագրվել է 4308։ Մեր կանխատեսվածից է ավել, այլ ոչ թե նախորդ տարվա հետ համեմատած», ասաց Արա Ֆիդանյանը։

Ինչ վերաբերում է առաջին հարցին, ըստ էության, որպես այդպիսին իրենք կրթահամալիրի սովորողների առումով խնդիր չեն տեսնում, որովհետև միայն պարեկայինի թեկնածուների թիվը կազմել է 700 թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում