Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գայանե Մարտիրոսյանի փաստաբանները չունեն պատասխան, թե ինչու հենց Աշոտ Փաշինյանին էր պետք տանել Եռաբլուր, բայց վստահ են, որ դա կապված չէ ՀՀ վարչապետի գործունեության հետ

Գայանե Մարտիրոսյանի փաստաբանները չունեն պատասխան, թե ինչու հենց Աշոտ Փաշինյանին էր պետք տանել Եռաբլուր, բայց վստահ են, որ դա կապված չէ ՀՀ վարչապետի գործունեության հետ
Հասարակություն
17:39, 29 май 2023
Փաստաբաններ Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանն ու Վարդուհի Էլբակյանը ստանձնել են Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե (Ազգուշ) Մարտիրոսյանի պաշտպանությունը: 

Փաստաբաններն այսօր՝ մայիսի 29-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին, որ նախաքննությունը բավական կարճ է տևել՝ մայիսի 17-ից մինչև մայիսի 25-ը, և գործը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատախազին։ 

ՀՀ գլխավոր դատախազությունից էլ Civic.am-ին հաստատեցին, որ գործը հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունն ու ուղարկվել դատարան։  

Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ ըստ մեղադրական եզրակացության՝ հանցակազմը կապված է Աշոտ Փաշինյանի մերձավոր ազգականի պետական քաղաքական գործունեության հետ, մինչդեռ իրենք այդ ձևակերպման հետ համամիտ չեն։ 
«Գայանե Մարտիրոսյանը ցուցմունքներում փաստել է, որ գնում էին Եռաբլուր, և ցանկանում էր, որպեսզի Աշոտ Փաշինյանը տեսնի իր որդու շիրիմը, որն իրենց տունն է դարձել։ Ասել է՝ արի տես, թե ինչին ենք մենք հասել։ Այն, որ նշում են, թե դա կապված է Նիկոլ Փաշինյանի քաղաքական, պետական գործունեության հետ՝ դա իրողությանը չի համապատասխանում»,-հավելեց փաստաբան Գեորգի Մելիքյանը, սակայն լրագրողների այն հարցին՝ այդ դեպքում ինչու՞ հենց Աշոտ Փաշինյանին էր անհրաժեշտ տանել Եռաբլուր, փաստաբանն այդ հարցին ուղիղ չպատասխանեց՝ ասելով, որ այդ պատասխանները կհնչեն դատարանում։ 

Փաստաբանը հավաստեց, որ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ որևէ ճնշում չկա, նա բավականին ազատ է իր դիրքորոշումներում։ 

«Անգամ ՔԿՀ աշխատակիցները շատ հարգանքով են վերաբերում Գայանե Մարտիրոսյանին։ Համենայն դեպս՝ մենք նման տեղեկություն չունենք»,- նշեց Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով․ «Ինչ վերաբերում է փաստաբաններին, մեզ վրա ևս ճնշում չկա, դա բացառվում է, մենք այն մարդիկ չենք, որ մեզ վրա կարողանան ներազդել՝ անկախ պաշտոնեական դիրքից և այլն»։

Թեպետ փաստաբանները պնդեցին, որ Աշոտ Փաշինյանը իր կամքով է նստել Գայանե Մարտիրոսյանի ավտոմեքենան, բայց նաև ընդգծեցին․ «Նրանք պետք է գնային Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանի ասելով ինքը չի ցանկացել գնա, բայց Գայանե Մարտիրոսյանը շարունակել է վարել մեքենան»,-ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանն ու հավելեց, որ Եռաբլուրում կային ոստիկանական անցակետեր, հետևաբար ըստ փաստաբանի՝ Աշոտ Փաշինյանի կյանքին վտանգ չէր կարող սպառնալ․ «Եվ իր կամքը անտեսելով և Եռաբլուր հասնելով որևէ խնդիր չէր կարող լիներ»,-համոզված էր փաստաբանը։ 

Նշենք, որ լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, թե ինչպես էր ՀՀ վարաչպետի որդին իրեն դուրս նետում ընթացող ավտոմեքենայից։ Իսկ ըստ ՀՀ ՔԿ հաղորդագրության՝  Գայանե Մարտիրոսյանը Աշոտ Փաշինյանին ասել է, որ կորցնելու ոչինչ չունի և կարող է նրան սպանել․ «Կինն ավտոմեքենայում խոսել է 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, Աշոտ Փաշինյանը պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանն ու Վահան Գևորգյանը դադարեցրել էին իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին՝ համարելով, որ արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է։ Մինչդեռ նոր փաստաբանները վստահ են, որ իրավական գործիքակազմն ավարտված չէ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ինքը չի հորդորի իր տղային դիմումը հետ վերցնել իրավապահ մարմիններից, բայց նաև շեշտել էր․ «Եթե չկա հանցակազմ, թող գործը կարճեն, եթե կա հանցակազմ՝ թող գործի նախաքննությունն ավարտեն ուղարկեն դատարան և դատարանը թող որոշում կայացնի»։

Նարա Մարտիրոսյան