Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանից օպերը պետք է գա Սիսիան՝ 120 կմ կամ Մեղրի՞, որպեսզի բնակարանային գողություն բացահայտի․ Արմեն Խաչատրյանը՝ ՆԳ փոխնախարարին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում քննարկվում է նաև «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք համայնքային ոստիկանության աշխատողը իրականացնելու է և՛ ընտանեկան բռնությունների կանխարգելման լիազորություննե՞ր, և՛ հասարակական կարգի պահպանությո՞ւն, և՛ քրեական հետախուզության աշխատա՞նք՝ նվազ և միջին նշանակության ծանրության հանցագործություններո՞վ, առանձին աշխատակիցներ չե՞նք ունենալու, բոլորն ունենալու են այս մի քանի լիազորություննե՞րը։

Ի պատասխան նախարարի տեղակալը հիշեցրեց, որ ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի շրջանակներում հարցը շատ մանրամասն դիտարկվել էր, և իրենց պատկերացումն այն էր, որ պետք է տարածքներում մարզային վարչություններ չունենանք, որպեսզի այս տարածքային բաժիններն ուղիղ ենթակայությամբ կարողանան աշխատել կենտրոնական ապարատի հետ։ 

«Տրամաբանությունն այն էր, որ տարածքներում ունենանք մեր ունիվերսալ այնպիսի ծառայողներ, որոնք կկարողանան բոլոր ֆունկցիաներն իրականացնել և շատ ավելի լայն սպեկտոր ծածկել։ Ու չլինի, որ օրինակ՝ բաժնում ունենանք ընդամենը մեկ ոստիկան, որ ընտանեկան բռնության դեպք է սպասարկում ու մնացյալ դեպքերը բաց թողնեինք և, ըստ այդմ, տարածքներում բաժինները կլինեն արդեն ավելի ունիվերսալ տրամաբանության մեջ։ Բայց արդեն կենտրոնական ապարատում, երբ որ մենք խոսում ենք հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության մասին, այդտեղ տրամաբանորեն կունենանք առանձին մասնագիտացված վարչություններ, որոնք մեթոդական օժանդակություն ցույց կտան տարածքներին»,-ասաց Արփինե Սարգսյանը։

Արձագանքելով Արմեն Խաչատրյանն ասաց, որ փաստորեն մեր համայնքային ոստիկանը լինելու է բազմաֆունկցիոնալ ոստիկան, կոնկրետ տարանջատումներ չեն լինելու։ 

«Ուզում եմ հասկանալ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ նախկին տրամաբանությամբ ենք անելու։ Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով քրեական ոստիկանության ծառայողները էլի նույն կերպ ունենալու ենք մարզում մեկ բաժի՞ն, որը սպասարկելու է ամբողջ մարզի քաղաքներն ու բնակավայրերը, հա՞։ Որովհետև, բնակարանային գողությունը՝ ծանր հանցագործություն է։ Այսինքն՝ Կապանից օպերը պետք է գա Սիսիա՞ն, 120 կմ, կամ Մեղրի, որպեսզի բնակարանային գողությո՞ւն բացահայտի, ինչքա՞ն է մնալու այդտեղ, ի՞նչ միջոցներով է մնալու, որտե՞ղ է մնալու, պատկերացնո՞ւմ եք։ Այս տարանջատումը որ անում եք, այս խնդիրն առաջանալու է»,-նկատեց Արմեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում