Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեղեցին որոշել է անսալ Փաշինյանի խորհրդին և քաղաքական մարմի՞ն ստեղծել․ ՀԱԵ-ն «Գավիթ» անունով հարթակ է ստեղծել. համակարգողը գործող իշխանության հեռացման ջատագով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է

Եկեղեցին որոշել է անսալ Փաշինյանի խորհրդին և քաղաքական մարմի՞ն ստեղծել․ ՀԱԵ-ն «Գավիթ» անունով հարթակ է ստեղծել.  համակարգողը գործող իշխանության հեռացման ջատագով  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է
Հասարակություն
17:56, 05 июнь 2023
Թերևս երբեք հայկական եկեղեցին այսչափ քաղաքականացված չի եղել, որչափ 2018-ի հեղափոխությունից և մասնավորապես 2020 թ. պատերազմից հետո։ Այնպես չէ, որ մինչև այդ քաղաքականացված չէր,  քաղաքականացված էր այն իմաստով, որ ներքին  համախոհությամբ կարծես ձուլված, սերտաճած էր իշխող ուժին և երբեք չէր հակադրվում օրվա իշխանության քաղաքական ուղեգծին, հանդես չէր գալիս օրվա իշխանության գործողությունները, որոշումները  քննադատողի, իշխանավորին  սաստողի, խրատողի կեցվածքով։ Եկեղեցին իշխանահաճո դիրքորոշում ուներ, և տպավորություն էր, որ բացառիկ նշանակություն ունեցող այդ կարևոր կառույցը  գործում է ոչ թե որպես սահմանադրորեն պետությունից անջատ մարմին, այլ, թույլ տվեք ասել, իշխող ուժի «հոգևոր հավելվածի» կարգավիճակում։

Երբևէ հիշո՞ւմ եք, որ եկեղեցին, ասենք, դիրքորոշում արտահայտի Արցախի խնդրի բանակցային գործընթացի մասին, առարկի յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելուն կամ իր հոտի հետ երկխոսություն ունենա ԼՂ հարցով փոխզիջումների մասին, նախապատրաստի դրանց կամ, ասենք, դատապարտի իր հոտի անդամի գլխին մահակ իջեցնելը, նրա վրա կրակելը, այդ անդամի իրավունքների (սկսած ընտրականից մինչև խաղաղ հավաքների մասնակցության իրավունք) զանգվածային խախտումները, կանգնի իշխանության և ընդդիմության արանքում,  սթափության և զսպվածության կոչ անի, քաղաքական ուժերին հորդորի չհեռանալ քրիստոնեական արժեքներից, չխախտել Հիսուս Քրիստոսի պատգամները...

Իրավիճակն այլ է հեղափոխությունից հետո։ Տպավորություն է, թե եկեղեցին սեփական գահընկեցության հետ է նույնացրել  իր հոտի մեծամասնության կողմից մերժված քաղաքական իշխանության հեռացումն ու իշխանազրկման հետևանքով առաջացած շոկը  նույնքան ծանր է տանում, որքան նախկին քաղաքական ռեժիմը։ Եկեղեցու համար կարծես այլևս խորթ է իր սահմանադրական կարգավիճակը՝ պետությունից անջատ լինելը, և այդ խորթությունն  ունենում է ոչ ստանդարտ  դրսևորումներ։    

Եթե նախկինում եկեղեցին խուլ համաձայնությամբ օրհնում էր  իշխանական ձեռնարկները, ապա իշխանափոխությունից հետո եկեղեցին սկսել է բարձրաձայն առարկել գործող իշխանության քաղաքական գծին և,  ձայնակցելով նախկին քաղաքական ռեժիմին, անմասն չէ  իշխանության հեռացման պահանջից։

Արտառոց է եկեղեցու դիրքավորումը մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո և 2021-ի նախընտրական շրջանում։ Շրջանառելով «Հոգևոր Հայաստանի» կարգախոսն ու այն ասոցացնելով մինչհեղափոխական Հայաստանի հետ՝ եկեղեցին այն հակադրում է «նոր Հայաստանին», փափագելով, որ «ոգին հաղթի դուխին, տաճարը՝ փողոցին, եռագույնը՝ սև ու սպիտակին, Հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին»։ Սա թեև քաղաքականացված հոգևոր այրերից մեկի՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի  բանաձևումն է, որի տրամաբանությամբ, այսինքն՝ «Հոգևոր» և «Նոր» հայաստանների հակադրության պայմաններում եկեղեցին շարունակում է գործել նաև այսօր։

Նորություն չէ, որ եկեղեցական որոշ այրերի սիրելի զբաղմունքը 44-օրյա համազգային ողբերգությունից հետո  ճառասացությունն է, բայց ոչ թե համազգային  միասնականության, ապրումակցման, ցավերի ամոքման, բռունցքվելու և արտաքին թշնամուն  դիմադրություն ցույց տալու մասին, այլ՝ ընդդեմ օրվա իշխանության  գործելու, պետական մեքենան թուլացնող, դիմադրողականությունից  զրկող ներքին անջատողականության  խրախուսումը։  Եկեղեցու այրերին, օրինակ, կարելի է տեսնել քաղաքական տարբեր խմբավորումների կողմից նախաձեռնված ակցիաների, միջոցառումների մասնակցելիս և վեհափառի օրհնությունը փոխանցելիս, կոշտ ելույթներ ունենալիս։ Տպավորություն է, թե իրենց հոգևոր դասի հետ նույնացնող  ատրիբուտիկան՝ վեղարը, եթե  հանեն իրենց վրայից,  ապա կարող են անկաշկանդ կոչվել քաղաքական ընդդիմադիր գործիչներ։ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանն, օրինակ, «Համախմբում» կոչվող ընդդիմադիր շարժման հավաքների մշտական հյուրն  է,  նա էր, որ մեկ տարի առաջ այս օրերին իր հոգևոր ներկայությամբ աջակցում  էր «Եռաբլուրում» որդեկորույս ծնողների երդման արարողությանը, երդում, որի ուղերձներից մեկը այս «իշխանությանը վռնդելն էր»։ Վերջերս էլ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարեց, թե  2020-ի պատերազմից հետո Եկեղեցու՝ վարչապետի հրաժարականի պահանջը եղել է հայրական հորդոր, որը ժամանակով չի սահմանափակում։ Այն պայմանավորված է այն խնդիրների հաղթահարմամբ, որոնք առիթ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, իսկ իրավիճակը չի փոխվել։ Ըստ էության, Գարեգին Բ-ն եկեղեցու անունից շարունակում է  պահանջել վարչապետի և կառավարության հրաժարականը։ Վեհափառ հայրապետը, հիշեցնենք, նախորդ տարի աշնանը՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո, ՀՀ և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ  հավաք էր կազմակերպել Էջմիածնում, այն նախագահների, որոնք ևս գործող իշխանության հեռացումն են պահանջում և,  բացի դրանից, մեծագույն ներդրում ունեն ՀՀ-ին և Արցախին պատուհասած այսօրվա վիճակի համար։ Այդ հարթակը, որի առաջին հանդիպման ժամանակ, ըստ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության, «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ» տեղի էր ունեցել «շահագրգիռ քննարկում», իրեն չարդարացրեց, և նախկին նախագահների ջանքերով վիժեցվեց հանդիպումների հնարավոր շարունակականությունը, քանի որ նրանք դեմ էին «կապիտուլյացիայի սիմվոլ» իշխանության շուրջ համախմբմանը։  Այժմ եկեղեցին, հետ չմնալով ընդդիմադիր դաշտում գերիշխող  թրենդից՝ ձևավորել տարբեր շարժումներ և նախաձեռնություններ, նոր հարթակ է հղացել՝ «Գավիթ», որի անդրանիկ քննարկումը տեղի է ունեցել  Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ։ Հարթակի համակարգողը իշխանության հրաժարականի պահանջի ջատագով մեկ այլ հոգևորական է՝  Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ «Նորին Սրբության նախաձեռնությամբ տևական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձևավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ»։ Իր հերթին Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ որպես քննարկման առաջին նյութ ընտրվել է «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման։ «Լիահույս ենք, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերների շուրջ միասնական խորհրդածությամբ կկարողանանք ձևակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարևորությամբ նկատի կառնվեն ինչպես իշխանությունների, այնպես և քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից և առիթ կհանդիսանան՝ մեր ողջ ներուժով համախմբվելու ու դուրս բերելու երկիրը առկա բարդ իրավիճակից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը»,- ասել է Վեհափառ Հայրապետը։ Թե ինչ «կառուցողական առաջարկներ» կձևակերպվեն այս հարթակի մասնակիցների «միասնական խորհրդածության» արդյունքում, արդյոք դրանց կառուցողականությունը կհանգի «գործող իշխանությունը պետք է հեռանա, բանակցողը պետք է փոխվի» «կոնցեպտին», թե ոչ՝ ցույց կտա ընթացքը, սակայն մինչ այդ մի դիտարկում՝ ազնվությունն ու անկեղծությունը ենթադրում են, որ եկեղեցին, նախքան  նախկին իշխանությանը համակարգող գործիչների հետ խորհրդածություններ անելը, արձանագրեր, որ  44-օրյա պատերազմին հանգեցրած  բանակցային  գործընթացի և հետպատերազմական  իրավիճակի հարցում ինքը ևս մասնակից է ու պատասխանատու, քանի որ, ինչպես վերն ասվեց,  միաձույլ է եղել նախկին իշխանությանը ու, փաստորեն, իր օրհնությունը տվել Արցախի հարցով իրականացված քաղաքականությանը։

Հ.Գ. Ի դեպ, վերջերս Տավուշում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է  նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և դրա  շրջանակներում  նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի, ընտրողների ու այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»։
 
Հ. Մ.