Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե հիմա ինձ տանեք կալանավորեք, ես չգիտեմ իմ հետագա քայլերը ինչ են լինելու»․ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը

«Եթե հիմա ինձ տանեք կալանավորեք, ես չգիտեմ իմ հետագա քայլերը ինչ են լինելու»․ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը
Հասարակություն / Իրավունք
20:14, 05 июнь 2023
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (երկրորդ անվամբ հայտնի է նաև որպես Գայանե Հակոբյան) միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։
 
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը այսօր Վերաքննիչ դատարանը փոխել էր ավելի մեղմ խափանման միջոցով՝ տնային կալանքով։
 
Հիշեցնենք նաև, որ Գայանե Հակոբյանը մեղադրվում է վարչապետի որդուն առևանգելու փորձի մեջ։

Այսօրվա դատական նիստի ընթացքում կողմերը հրաժարվեցին դատավորին բացարկ հայտնելու միջնորդության իրավունքից։ Դատախազը նշեց, որ իրենք բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը, որով Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

 Նախնական դատալսումների ընթացքում քննարկման առարկա դարձվեց Մարտիրոսյանի նկատմամբ  խափանման միջոցն անփոփոխ թողնելու, վերացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու մասին հարցը։ Հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատախազ Դանիելյանը նաև մտահոգություն հայտնեց, որ տնային կալանքի կիրառման պայմաններում չի կիրառվել Մարտիորսյանի նկատմամբ սահմանափակումներ՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու համատեքստում՝ օրինակ փոստային առաքանի ստանալ, հեռախոսազանգեր կատարել և այլն։  Ավելին՝ այս ընթացքում զոհված զինծառայողներից մեկի հարազատը՝ Վիգեն Ազատյանը, զանգահարել է տուժող Աշոտ Փաշինյանին և հորդորել ԶԼՄ-ներով հայտարարել, որ նա իր  ընտանիքի անդամների հետ կապ չունի, որպեսզի զոհված զինծառայողների ծնողների և Աշոտ Փաշինյանի խոսքերը համընկնեն։ 
 
Դատախազը բառացի մեջբերեց հեռախոսային խոսակցության բովանդակությունը, որն առկա է նաև գործի նյութերում․ «Ուրեմն, Աշո՛տ, մենք գիտենք, որ դու քո ծնողների հետ չես ու մեր թշնամիների հետ չես։ Ո՞նց ենք կազմակերպում, էսօր պիտի լրատվականներով  խոսայիր, դու չուզիր դա անել։ Ո՞նց ենք կազմակերպում մի հատ լրատվականով դա ասես, որ իրենց հետ ընդհանրապես կապ չունես, որ մեր խոսքը համապատասխանի»։ 
 
Դատավորը հետաքրքրվեց, թե դա ի՞նչ կապ ունի Գայանե Հակոբյանի հետ։ Ի պատասխան դատախազն ասաց, որ նույն զանգի ընթացքում, Վիգեն Ազատյանն ասել է, որ եթե այս անգամ իրենց չի հաջողվել իրականացնել իրենց մտադրությունը, ապա մյուս անգամ կհաջողվի։ Այսինքն՝ ըստ դատախազի, իրենք մեկ ընդհանրությամբ են գործում։ Ի վերջո, դատախազը միջնորդեց փոփոխել Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը՝ խափանման մեկ այլ միջոցով՝ կալանքով։
 
Տուժող Աշոտ Փաշինյանն ասաց, որ դիրքորոշում չունի։ «Սա մասնագիտական հարց ա, կարծում եմ՝ որոշումը պետք է կայացվի մասնագետների կողմից», - ասաց Աշոտ Փաշինյանը։
 
Պաշտպանը հարց ուղղեց Աշոտ Փաշինյանին՝ ըստ իրեն՝ կարո՞ղ է Գայանե Հակոբյանը ազատության մեջ գտնվելով կրկնել իր արարքը, ինչին ի պատասխան Աշոտ Փաշինյանը հաստատեց դատախազի խոսքերը, որ իրեն զանգել է Վիգեն Ազատյանը ու փորձել ազդել իր վրա, որպեսզի ինքը հետ վերցնի դիմումը։
 
Գայանե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի դիտարկմամբ՝ դատախազի մտահոգությունների՝ հնարավոր ազդեցության վերաբերյալ փաստական տվյալները բացակայում են։ 
 
Վերջինս նշեց, որ պետք է հաշվի առնել, թե ով է դատարանի առջև կանգնած անձը, արդյոք կարո՞ղ է նա չկատարել իր առջև դրված պարտականությունը և պատշաճ վարքագիծ չդրսևորել գործի քննության ընթացքում:
 
 Սարգսյանը խոսեց նաև այն մասին, որ Ազգուշ Մարտիրոսյանին առևանգման մեղադրանք է ներկայացվել, մինչդեռ նրան վերագրվող արարքին չէր կարող առևանգման քրեաիրավական որակում տրվել։ Ըստ պաշտպանի՝ նրա արարքում, առհասարակ, բացակայում է առևանգման հանցակազմը:
 
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ պետք է Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառել խափանման ավելի մեղմ միջոց, քան տնային կալանքն է։
 
Տուժողն էլ իր հերթին նշեց, որ եթե ինքը դիրքորոշում չի հայտնում խափանման միջոցի վերաբերյալ, ապա չի նշանակում, որ պաշտպանական կողմը պետք է մաքսիմալիստական դիրքորոշումներով մոտենա հարցին։

Աշոտ Փաշինյանն անդրադարձավ նաև փաստաբանի նշած՝  Գայանե Հակոբյանի կողմից նախկինում դրսևորած վարքագծին, ասելով․ «Տիկին Գայանեն պաշտոնատար անձանց մուտքը արգելել է դեպի Եռաբլուր։ Ըստ էության, ի՞նչ վարքագծի մասին է խոսքը։ Նույն ձև էն խմբի, կազմակերպության մեջ, որի անունը ես չգիտեմ և որում գտնվում ա տիկին Գայանեն, հայտնի է հանրային սպառնալիքներ անելով, մանկապարտեզներ պայթեցնելու մասին հայտարարություններով, ու պաշտպանական կողմը էկել նենց ա խոսում, կարծես, ակադեմիկոսների ու գիտնականների մասին ա խոսքը, որ ամբողջ օրը մաթեմատիկայով են զբաղված։ Իսկ խափանման միջոցի հետ կապված նշեցի դիրքորոշում չունեմ, քանի որ ենթադրում էի, որ  պաշտպանական կողմը ավելի համագործակցող մոտեցում ցույց կտա ու, ըստ էության, կարիք չի լինի էս ամենին անդրադառնալ, բայց եթե պաշտպանական կողմը էս մոտեցումն ա որդեգրել, ապա շատ բարի՝ ասում եմ իմ մոտեցումը։ Իմ մոտեցումն ա, որ նույնիսկ տնային կալանքը կարող է նաև մեղմ համարվել էս դեպքի համար։ Նաև հաշվի առնելով, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն, որի համար կալանք ա հասնում 4-8 տարի», - ասաց Աշոտ Փաշինյանը։
 
Պաշտպան Գեորգի Մելիքյանը հետաքրքրվեց՝ ինչպես կարող է Ազգուշ Մարտիրոսյանը ազդեցություն ունենալ Աշոտ Փաշինյանի նկատմամբ, եթե վերջինս պետական պահպանության ներքո է։  Աշոտ Փաշինյանը նշեց, որ ինքը մշտական պահպանության ներչքո չի գտնվում, և պահպանության  ծառայությունն է որոշում, թե երբ ու որտեղ է կատարում նմանատիպ ծառայություն։ Գեորգի Մելիքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն եղավ՝ դատախազ Արթուր Դանիելյանի և դատավորի հետ։ Նախագահող դատավորը հայտարարեց, որ փորձ է արվում գործն իրավական դաշտից դուրս բերել և տեղափոխել էմոցիոնալ դաշտ՝ նաև շոու կազմակերպել. «Ձեզ իրավական դաշտը չի հետաքրքրում, ձեզ մենակ շոուն է հետաքրքրում։ Այս ամենն է ձեզ դուր գալիս, դուք որևէ մեկդ իրավական դաշտում չեք գործում։ Բացառապես գալիս եք ելույթ ունենալու, նկարահանվելու, ֆեսյբուքներում գրեք, ու բոլորիդ մենակ դա է հետաքրքրում։ Ուրիշ իրավական գործունեություն չեք իրականացնում»։

Վեճից հետո դատարանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
 
Ընդմիջումից հետո շարունակվեց խափանման միջոցի հարցի քննարկումը։ Պաշտպանության կողմը պահանջեց վերացնել Գայանե Հակոբյանի խափանման միջոցը կամ տնային կալանքը փոխարինել առավել մեղմ խափանման միջոցով։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը արձանագրեց՝ այն, որ Գայանե Մարտիրոսյանը չի կարող գնալ «Եռաբլուր», արդեն իսկ իրավաչափ չէ, իսկ հանրային մեղադրողի հայտարարություններից տպավորություն է, թե պակասում էր միայն «գնդակահարելը»։ 
 
Հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրյալ Գայանե Հակոբյանը՝ նշելով, որ ինքը մայր է և որևէ մեկին չի ցանկանում, որ իր ցավը զգան, անգամ՝ Աշոտ Փաշինյանի մայրը։ 
 
«Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտի մորը։ Մենք բառի բուն իմաստով ապրում ենք Եռաբլուրում, պետք չի վախենալ Եռաբլուրից որոհետև այն աղոթատեղի է, իսկ առևանգման և այլ բանի համար մարդիկ ավելի համապատասխան տեղ են տանում ու ավելի լավ են նախապատրաստվում»,- ասաց Գայանե Հակոբյանը: 
 
Խոսելով Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին` Հակոբյանն ասաց, որ իրենք ուղղակի հանդիպել են Աշոտին, միգուցե, էմոցիա է եղել այդ ամենը, ինչն ինքը չի հերքում: «Բայց ես ինձ թույլ չէի տա, որովհետև ոմանք մոռանում են, թե ինչ եմ ես երկրին տվել և ինչ հոգեվիճակում եմ հիմա, ես ուղղակի թույլ չէի տա ինձ՝ զուտ բարոյական տեսանկյունից», - ասաց Գայանե Հակոբյանը։

 Ի վերջո, դատարանը որոշեց մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյան) խափանման միջոցը փոխել և խափանման նոր միջոց ընտրել կալանավորումը։
 
Գայանե Հակոբյանն ասաց, որ այս որոշումը սազական է հանցագործներին, բայց ոչ իրեն։ «Իմ հոգեվիճակն ինձ թույլ չի տալիս նման նվաստացումների այլևս։ Եթե հիմա ինձ կտանեք կկալանավորեք, ես չեմ խոստանում, ես չգիտեմ իմ հետագա քայլերը ինչ ա լինելու։ Մենակ սա եմ ասում», - ասաց Գայանե Հակոբյանը։ 
 
Դատավորը հարցրեց, թե ինչ նկատի ունի Մարտիրոսյանը։ Ի խատասխան, պաշտպանն  ասաց, որ իրենք ընդամենը միջնորդություն կներկայացնեն դատավորին բացարկ հայտնելու համար։
 
Պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը հայտարարեց, որ և՛ դատարանը, և՛ դատախազը գտնվում են Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ։ 
 
Վովա Հակոբյան