Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«10 օր առաջ եկավ իմ մոտ, ասաց` Սուրոյին պետք ա սպանեմ. Սուրոն պետք ա Արագածից դուրս գա». արագածավանցի 24-ամյա երիտասարդի դեպքի մասին մանրամասներ է հայտնում Թալինի համայնքապետը

«10 օր առաջ եկավ իմ մոտ, ասաց` Սուրոյին պետք ա սպանեմ. Սուրոն պետք ա Արագածից դուրս գա». արագածավանցի 24-ամյա երիտասարդի դեպքի մասին մանրամասներ է հայտնում Թալինի համայնքապետը
Հասարակություն / Իրավունք
20:45, 08 июнь 2023
Թալին համայնքի Արագածավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին Civic.am-ը փորձեց տեղեկություններ ստանալ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանից, որը նշեց, որ դեպքից 10 օր առաջ ընդունելության ժամանակ իր մոտ է եկել քրեական վարույթով տուժող ճանաչված 24-ամյա երիտասարդը և պահանջել Սուրեն Թորոսյանին ազատել աշխատանքից, նաև՝ վերջինիս սպանելու մտադրության մասին է հայտնել։

Խոսքը վերջերս տարածված լուրի մասին է, ըստ որի՝ Սուրեն Թորոսյանը վերջերս օժանդակել էր իրավապահներին ձերբակալելու 
«Պեռլիտ» ընկերության տնօրեն Էդիկ Ամիրխանյանին, որը 1.9 միլիոն դրամի կաշառք էր առաջարկել իրեն՝ ավազի հանքի թույլտվություն 
ստանալու համար։ Սուրեն Թորոսյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հաղորդման և համագործակցության շնորհիվ 
իրավապահները ձերբակալել էին ընկերության տնօրենին՝ գաղտնի տեսանկարահանման միջոցով, հենց կաշառք տալու փորձի ժամանակ։

Տավրոս Սափեյանը նշեց նաև, որ գործով տուժող երիտասարդը Արագածավանում ունի «լվա ինքդ» ավտոլվացման կետ և ինքը հրահանգել է կոմունալ բաժնի պետ Սուրեն Թորոսյանին՝ համայնքի իրավաբանական անձ հանդիսացող բոլոր օբյեկտներում տեղադրել ջրաչափեր։

Թալին համայնքի ղեկավարը նշեց նաև, որ համայնքապետարանում սպառնալիք հնչեցնելու դեպքով ինքը դիմել է Ոստիկանություն։

Ոստիկանները երիտասարդին կանչել են բաժին, բացատրական աշխատանքներ են իրականացրել։

Ոստիկանության Թալինի բաժնից հաստատեցին տեղեկությունը, որ բացատրական աշխատանքներ են իրականացրել, միաժամանակ նշելով, որ նմանօրինակ բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում իրենք բացատրական աշխատանքներ են իրականացնում քաղաքացիների հետ։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 24-ամյա երիտասարդը ներգարվվել է որպես տուժող։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

 
Վովա Հակոբյան