Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարսեղ Բեգլարյանը «շատ կուզեր՝ Սերգո Կարապետյանը ողջ լիներ, որ վերջինիս ամոթանք տար»․ բյուջեից կես միլիարդ դրամ հափշտակելու մեղադրանքով Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց 1 ամսով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում չարաշահումներին. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը։

Գործով ամբաստանյալներ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։ Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:

Այսօրվա դատական նիստին փոխվել էր գործով մեղադրող դատախազը։

Հիշեցնենք, որ այս գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, նրան փոխարինել է Էդգար Արսենյանը։ Արդեն տևական ժամանակ ձգվող դատական գործի նյութերին, արձանագրություններին ծանոթանալու համար Էդգար Արսենյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել և իրեն ողջամիտ ժամկետ տրամադրել՝ դրանց ծանոթանալու համար։

Նշենք նաև, որ դատարանը հասել է ամբաստանյալներին հարցաքննելու փուլին։ Նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննվեց ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը, հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հուլիսի 7-ին, կշարունակվի մյուս ամբաստանյալների հարցաքննությունը։

Ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանը դատարանի առջև լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ Սերգո Կարապետյանին մինչև մրցույթը չի հանդիպել, վերջին անգամ նրան տեսել է Քննչական կոմիտեում՝ առերեսման ժամանակ։

Բարսեղ Բեգլարյանը այս գործը շինծու համարեց, նաև նշեց, որ հիմա էլ է իր ընկերությունը մասնակցում մրցույթների։

 Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե Սերժ Սարգսյանը դիմելո՞ւ է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով գործը կարճելու համար, կամ ի՞նչ եղանակով է հաշվարկվելու դա։ Միաժամանակ նշեց՝ հանցագործության դեպք չկա։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան