Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ-ում քննարկվել են ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ-ում քննարկվել են ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Հասարակություն
13:45, 17 июнь 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունիսի 16-ին ընդունել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարին և պրոռեկտոր Արայիկ Նավոյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են ՀՖՀՀ-ի գործունեությանը և կրթական ծրագրերի ընդլայնմանը, նոր ծրագրերում հայ և օտարերկրացի ուսանողների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, համալսարանի և ՀՀ բուհերի գնահատման համակարգերի ու դիպլոմների համադրելիությանը վերաբերող հարցեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը բարձր է գնահատել Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և նկատել, որ ՀՖՀՀ-ի կողմից արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի, կենսատեխնոլոգիայի, ռադիոֆիզիկայի, տվյալագիտության և տեղեկատվական անվտանգության ուղղություններով իրականացվող ծրագրերը համապատասխանում են մեր երկրում կրթության ոլորտի առաջնահերթություններին: ԿԳՄՍ փոխնախարարը, կարևորելով ՀՖՀՀ-ի՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած դերակատարությունը, առաջարկել է առավել ընդլայնել գիտական և նորարարական ուղղություններով համագործակցությունը՝ ըստ հնարավորության ապահովելով փոխգործակցություն Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) և Ֆրանսիայի գյուղատնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRA) հետ: Ըստ Կարեն Թռչունյանի՝ նմանօրինակ համագործակցության արդյունքում ֆրանսիական գիտակրթական տարբեր կազմակերպությունների շրջանում կարող է առաջանալ ՀՖՀՀ-ի միջոցով Հայաստանում հաբեր և ինկուբատորներ բացելու հետաքրքրություն:

«Մենք աշխատում ենք ռազմավարական կարևորություն ունեցող, ապագային միտված և երկրի զարգացմանը նպաստող մասնագիտությունների ներդրման և զարգացման ուղղությամբ, իսկ ֆրանսիական կողմի հետ համագործակցությունը կարող է նպաստել այդ գործընթացի արդյունավետությանը»,- ասել է Կարեն Թռչունյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է աջակցել ՀՖՀՀ-ի զարգացմանը միտված նախաձեռնություններին: