Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քրեական գործ եմ հարուցել տվել»․ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակիցը դիմել է ոստիկանություն․ Տեսանյութ

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանի աշխատակիցը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Գորիսի բաժին։ Գրադարանավար Արմիդա Աղաբեկյանի խոսքով՝ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը հրահանգել է իրեն չմասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, ավելին՝ ասել է նման պարագայում կազատի աշխատանքից. «Ես պիտի իրեն զապիս անեի թե չէ, հիմա շատ հնարավոր է ինքն ասի ես նման բան չեմ ասել, բայց մենք աշխատողներ ունեինք կանգնած, որոնց հիմա ինքը չի թողնում, որ գան էստեղ մասնակցեն, Փաշինյանի աջակցիներն են, չի թողնում, էնտեղ կանգնած են։ Ես երեխա ունեմ, ես 42 տարի աշխատում եմ բարեխղճորեն, հիմա ինքն ուզում է 68․000 դրամ աշխատավարձից ինձ զրկի՞, չի լինելու, ես թույլ չեմ տա»։

Civic.am-ի հետ զրույցում գրադարանավար Արմիդա Աղաբեկյանը տեղեկացրեց, որ  իր հաղորդման հիմքով քրեական գործ է հարուցվել․

«Ես ինքս եմ դիմել ոստիկանություն և քրեական գործ եմ հարուցել տվել»։ 

Մենք կապ հաստատեցինք նաև Ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից նշեցին, որ Արմիդա Աղաբեկյանի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ 

Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանի վարիչ Նունե Աբրահամյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենց մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը իր ներկայությամբ որևէ մեկին չի հրահանգել չմասնակցել Նիկոլ Փաշինյանի՝ Գորիսում կայանալիք քարոզարշավին․ «Իմ ներկայությամբ նման դեպք չի եղել, որ մեր տնօրենը արգելի կամ ինչ-որ բան։ Արմիդա Աղաբեկյանը շատ վատ հայտարարություն է արել։ Չեմ կարծում, որ տնօրենը նման բան ասած լինի։ Մի քանի օր առաջ ժողով է եղել, Արմիդան ևս ներկա է եղել, և տնօրենը նույնիսկ ժողովի ժամանակ նման հայտարարություն չի արել»։

Գրադարանի վարիչ Նունե Աբրահամյանը հավելեց նաև, որ ինքը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի՝ Գորիսում կայացած քարոզարշավին, բայց դա իր անձնական որոշումն է եղել, ոչ թե որևէ մեկի հորդորը։  

Մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ իրեն արդեն կանչել են Ոստիկանությունից և ինքը բացատրություն է տվել․ «Ես գնացել եմ, գրել եմ, որ տվյալ մարդն ուղղակիորեն ստում է։ Կարող եք զանգել իմ աշխատողներից յուրաքանչյուրին, կարող եմ տվյալները տրամադրել, ոչ մեկին ոչ մի արգելք չեմ տվել։ Ավելին՝ մարդկանց ուղղակիորեն ասել եմ՝ դա ձեր քաղաքացիական իրավունքն է։ Ես իրավասու չեմ, ոչ էլ ցանկություն ունեմ առհասարակ որևէ մեկին պարտադրեմ՝ ասեմ էս մեկին կընտրենք, կամ այն մեկի քարոզարշավին չգնաք»,- հայտարարեց մշակույթի կենտրոնի տնօրենը։ 

Հարցին՝ գրադարանավար Արմիդա Աղաբեկյանը շարունակու՞մ է աշխատել մշակույթի կենտրոնում՝ տնօրենն արձագանքեց․ «Նա միանշանակ շարունակում է իր աշխատանքը։ Ես փակագծեր բացեմ․ ինքը պտտվում, ինձ ասում է՝ ես Ձեզ որպես տնօրեն չեմ ընդունում։ Ես էլ ասում եմ, եթե որպես տնօրեն չես ընդունում, կարող ես էլ աշխատանքի չգալ։ Իսկ ինքն այս ամեն ինչը վերագրում է քաղաքական նկատառումների, որը ոչ մի առնչություն չի ունեցել»։ 

Մեր հաջորդ հարցին՝ ինչու՞ է Ձեզ ասում՝ որպես տնօրեն չեմ ընդունում՝ Հայկ Խաչատրյանը պատասխանեց․ «Իմ քաղաքական հայացքների համար երևի, չեմ կարող ասել»։ 

Հարցին, թե Գորիսի քաղաքապետարանից իրեն հրահանգել են աշխատակիցներին թույլ չտա՞լ գնալ Փաշինյանի հավաքին, տնօրենը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը Քոչարյանի դաշինքի ցուցակում է, իսկ Փաշինյանի նախորդ այցի ժամանակ Քոչարյանին միացած Սյունիքի համայնքապետերը հայհոյանքներով խուլիգանություն էին կազմակերպել Փաշինյանի այցի դեմ։ 

Թե նա ո՞ր կուսակացությանը կամ դաշինքին է սատարում՝ Հայկ Խաչատրյանը նախընտրեց այդ մասին չխոսել, պարզապես նշեց, որ ինքն ու Արմիդա Աղաբեկյանը տարբեր քաղաքական հայացքներ ունեն։    

Նարա Մարտիրոսյան