Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է
Հասարակություն
13:06, 22 февраль 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում:

Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախի հանրակրթական դպրոցների տնօրենների, Արցախի գիտական կենտրոնի անձնակազմի, նախարարության սպորտի վարչության աշխատակիցների և սպորտդպրոցների տնօրենների, ինչպես նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Օրակարգի առանցքային հարցերից է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հուշարձանների ֆիզիկական և տեղեկատվական անվտանգության խնդիրների քննարկումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ագրեսիվ ապատեղեկատվական քաղաքականություն է վարում՝ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելով որպես ալբանական մշակույթ: ՀՀ և ԱՀ պատասխանատուները քննարկումներ կունենան համաշխարհային մշակութային ժառանգության անվտանգության խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների հետ՝ աշխատելով միասնական օրակարգի ձևավորման և հնարավոր մշակութային ոտնձգությունների կանխարգելման շուրջ:

Օրակարգային են նաև կորսված գրադարանային հավաքածուների վերականգնման, թանգարանային և թատերահամերգային համագործակցության խնդիրները:

Կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ մարզադպրոցների՝ Արցախի Հանրապետությունում մասնաճյուղեր բացելու հարցը: