Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը. Վաղարշակ Հարությունյան

Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը. Վաղարշակ Հարությունյան
Հասարակություն
13:58, 22 февраль 2021
Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի առաջին հերթին Պաշտպանության բանակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, հայտնում է Aravot.am-ը։

«Իհարկե, շատ բան կա անելու նրա մարտունակության և արդիականության բարձրացման ուղղությամբ, բայց ինչ էլ որ լինի, դա պետք է արվի,- ասել է Հարությունյանը:- Երկրորդ, Հայաստանը նախկինի պես շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այս պատմական առաքելությունից մենք երբեք չենք հրաժարվի: Եվ երրորդ, ու թերևս ամենակարևորը, դա իհարկե տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունն է, ինչի շնորհիվ սկզբում հաջողվեց հասնել կրակի դադարեցման, իսկ հետո կանխել մարդասիրական աղետը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ երկարաժամկետ խաղաղություն կապահովվի տարածաշրջանում»:

Հարությունյանը նաև նշել է, որ Հայաստանն Արցախյան պատերազմից հետո բանակում բարեփոխումներ է իրականացնում, օպտիմիզացնում է բանակի թվակազմը, անցում կատարում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի: «Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացում ոչ միայն նախատեսվում է, այլև արդեն իրականացվում է, ընդ որում, այդ գործընթացում ամենաուղղակի կերպով ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ բանակաշինության գործընթաց անընդհատ իրականացվում է, և այսօր Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ազգային զինված ուժերի բարեփոխումները դարձրել է անդառնալի և անվիճելի առաջնահերթություն: «Իհարկե, հաշվի առնելով ռազմական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները՝ մենք արմատապես կվերանայենք հետևյալ հարցերը. մարտակազմի և թվակազմի օպտիմիզացիա՝ հաշվի առնելով առաջնահերթ խնդիրները, առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման միջոցով; ընտրողական վերազինում նոր համալիրներով, առաջնահերթ ուղղություններով ռազմատեխնիկայի և սպառազինության համակարգերով; կադրային ներուժի պահպանում»,- ասել է Հարությունյանը:

Ընդ որում, նրա խոսքով, հիմնական ջանքերը կուղղվեն կառավարման, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ), հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը: Հարությունյանը հիշեցրել է, որ հունվարի 25-30-ը երկկողմ պայմանավորվածությունների համաձայն Հայաստանում է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը՝ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին և արդիականացման հարցերին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են առաջարկություններ հայկական զինված ուժերի արդիականացման շրջանակում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ընթացիկ վիճակը, ընդ որում շատ լուրջ շեշտադրություն է արված այդ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,- ասել է Հարությունյանը: