Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես որևէ զանցանք, օրենքի խախտում, հանցանք երբեք չեմ կատարել. Չարչյան

Ես որևէ զանցանք, օրենքի խախտում, հանցանք երբեք չեմ կատարել. Չարչյան
Հասարակություն
17:37, 20 июнь 2021
Բացարձակապես անընդունելի եմ համարում այն կասկածանքը, որն առաջադրվել է ինձ։ Ես որևէ զանցանք, որևէ օրենքի խախտում, որևէ հանցանք երբեք չեմ կատարել իմ գործողություններով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Նրա գնահատմամբ՝ կարված քրեական գործն օդ է, փուչիկ, որը պայթելու է։

«Եթե իրապես հիմք չկա, եթե մեր շատ հարգելի իրավաբանները համոզված լինելով, որ որևէ հիմք չկա և գործ են հարուցում, անգամ՝ ձերբակալում, շուրջ 40 ժամ ձերբակալված եմ եղել, ապա դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել՝ ինձ ձերբակալելու։ Ասեմ, որ դա շատ մեծ պատիվ է բերում, որովհետև եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում այդ գործընթացը սկսող մարդկանց համար, ինձ համար պատիվ է։ Ես չգիտեի, որ այդքան ուժ ունեմ»,- նշեց Չարչյանը՝ հավելելով, որ բացահայտել են իր ուժն ու հնարավորությունները՝ բացահայտելով, որ գործը բացառապես քաղաքական երանգ ունի՝ պայմանավորված քաղաքացիական և քաղաքական դիրքորոշումից։ Չարչյանը պատմեց, որ քննիչը լարված էր, տեղը չէր գտնում և չէր կարողանում կողմնորոշվել, ինչը բնական էր մարդկային տեսանկյունից։

«Այդ ընթացքում երկու անգամ էլ ՀՔԾ-ում լույսերն անջատվեցին, ես էլ կատակեցի, ասացի՝ ի վերուստ էր»,- նշեց Չարչյանը։

Ինչ վերաբերում է տարածված ձայնագրությանը, Չարչյանը նշեց, որ այնտեղ ուղղորդման տարր չկա։