Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ցավի մեդիամանիպուլյատորները․ ովքեր են տարածում Շուշիում հրավառության հին լուսանկարը՝ դա կապելով Փաշինյանի հաղթանակի հետ

Ազգային ցավի մեդիամանիպուլյատորները․ ովքեր են տարածում Շուշիում հրավառության հին լուսանկարը՝ դա կապելով Փաշինյանի հաղթանակի հետ
Հասարակություն
14:48, 22 июнь 2021
Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններում Փաշինյանի հաղթանակից ու նախկինների պարտությունից հետո համացանցում սկսեց արագորեն տարածվել Շուշիում արված մի լուսանկար, թե Շուշիում Ադրբեջանը հրավառությամբ նշում է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ընտրություններում։ Ընդ որում, մի թեթև որոնումը գուգլ համակարգում բացահայտում է, որ լուսանկարն արվել է մոտ 1,5 ամիս առաջ՝ մայիսի 12-ին, երբ Ալիևն ընտանիքով մեկնել է Շուշի։

Լուսանկարը Մեհրիբան Ալիևայի ինստագրամի էջից է, որտեղից տեղեկանում ենք, որ հրավառությունը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ Այդ օրը նրանք այցելել են Շուշի, որտեղ բացվել է Khari Bulbul հյուրանոցը, դրվել է նոր մզկիթի հիմքը, ինչպես նաև այցելել են վարչական շենք և «Խան գիզի» աղբյուր։ Ալիևան հրապարակել է լուսանկարը՝ կից գրելով․ «Մայիսի 12-ին Շուշայում դրվեց թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմքը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, դուստրերը ՝ Լեյլա Ալիևան և Արզու Ալիեւան»: Ավելի ուշ նա նաև տեղադրել է տեսանյութ։

Ընդ որում՝ Շուշիում արված ակնհայտ հին լուսանկարը տարածողների ցանկը նայելով՝ պարզ է դառնում, թե ովքեր և ինչ նպատակով են դա անում։ Առաջիններից էր իրեն լրագրող համարող, վերջին շրջանում մեդիատեռորին ծառայող Նաիրի Հոխիկյանը՝ իր էջում գրելով․ «Շուշիում հրավառություն են արել թշնամիները, նրանք էլ են ուրախ, որ վերատադրվում է Նիկոլը»։

Միքայել Մինասյանի Արմենիա հեռուստաընկերությունում աշխատող Նազենի Հովհաննիսյանը սրտակոտոր գրառում էր արել դրա վերաբերյալ, թե «Երկիրս դառավ թուրքի վիլայեթ, գիշերով հրավառություն մեկ այստեղ էր, մեկ էլ Շուշիում...Նույն երիտթուրքերը տոնեցին Հայաստանի վերջնական անկումը նաև Երևանի սրտում»։ Այն դեպքում, երբ ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը դեռ երեկ հերքում է պահանջել Արմենիա հեռուստաընկերությունից՝ Երևանում ՔՊ հրավառության մասին սուտ լուր տարածելու համար, իսկ նույն Նազենի Հովհաննիսյանը նույնիսկ չի նկատել, որ, օրինակ, ՀՀԿ-ն Ապրիլյան պատերազմի տարելիցին՝ 2017-ի ապրիլի 2-ին, ամբողջ հանրապետությունով մեկ հրավառությունով տոնեց ընտրություններում իր հաղթանակը։

Կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն է նաև իր ֆեյսբուքյան էջով միացել է մեդիատեռորին ու ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ «3 քվեարկածներ, տեսե՛ք ինչին եք քվեարկել....»,-իր էջում լուսանկարը տեղադրելով՝ գրել է Ոսկանյանը։ 

Ստորև ներկայացնում ենք լուսանկարները։