Քաղաքացիակենտրոն
լրատվություն

9 հայցադիմում՝ ինքնակամ շինությունները չապամոնտաժելու պահանջով

9 հայցադիմում՝ ինքնակամ շինությունները չապամոնտաժելու պահանջով
Հասարակություն
14:29, 24 июнь 2021
Արդեն երկու օր է՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ է սկսել քաղաքի մի քանի վարչական շրջաններում: Շինությունները կառուցած քաղաքացիները միայն հունիսի 22-23-ին 9 հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ իրենց կողմից ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ երեկ՝ հունիսի 23-ին, միայն Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժել են 5 ինքնակամ շինություն: Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում ևս ինքնակամ շինություններ են քանդվել։

Հայցադիմում ներկայացրած քաղաքացիները փորձում են կանխել Գյուրջյան, Շիրազի, Մարգարյան, Հալաբյան, Շինարարների, Նորաշեն, Աբելյան փողոցներում կառուցած ինքնակամ շինությունների ապամոնտաժման գործողությունները:

Քաղաքացիները դատական կարգով վիճարկում են նաև Երևանի քաղաքապետարանի որոշումները, որով նախատեսվում է ապամոնտաժել շինությունները: 

Նշենք, որ վարչական դատարանի ծանրաբեռնվածության մեջ զգալի «դեր» ունի Երևանի քաղաքապետարանը: Օրինակ 2 օրվա ընթացքում՝  հունիսի 22-23-ին քաղաքապետարանի դեմ վարչական դատարան ներկայացվել է 67 հայցադիմում: