Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայամիի մոտ բնակավայրում փլուզվել է բնակելի շենք. կան զոհեր

Մայամիի մոտ բնակավայրում փլուզվել է բնակելի շենք. կան զոհեր
Հասարակություն
15:30, 19 июнь 2021
Ֆլորիդայում փլուզվել է 12 հարկանի բնակելի շենք: Կան զոհեր ու վիրավորներ: Նախագահ Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել նահանգում. գրում է VOA-ն:

Երեկվանից փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ են վարում Մայամիի մոտակայքում գտնվող Սերֆսայդ բնակավայրում, ուր փլուզվել է 12 հարկանի բնակելի շենքի մի մաս: Փլուզման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն տեղական իշխանությունները հայտնել են, որ 1981 թվականին կառուցված շենքում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, ներառյալ տանիքում:

Մայամի-Դադե շրջանի ղեկավար Դանիելլե Լևին Կավանը լրագրողներին ասել է, որ փլուզումից 18 ժամ անց մոտ հարյուր մարդ մնում է անհետ կորած՝ չնայած հայտնի չէ, թե արդյոք դեպքի պահին նրանք բոլորը եղել են շենքում, թե ոչ: Ավելի ուշ տեղեկություն եկավ, որ հնարավոր չէ եղել կապ հաստատել ավելի քան 150 մարդկանց հետ, ովքեր «ենթադրաբար» բնակվել են շենքում: Շենքի բնակիչների թվում են նաև նրանք, ովքեր ժամանակավոր են բնակվում այստեղ: Նյութի հրապարակման պահին զոհերի թիվը հասել էր չորսի:

Որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է դուրս բերել տասնյակ տուժածների: Փրկարարները օգտագործում են տեխնիկա, վարժեցված կենդանիներ և անօդաչու թռչող սարքեր՝ որոնողական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Մամուլի հաղորդմամբ, որոնողա-փրկարարական աշխատանքները դանդաղեցվել են փլուզման վայրում բռնկված հրդեհի պատճառով, որը մարվել է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդա նահանգում և կարգադրել տրամադրել դաշնային օգնություն՝ աղետի հետևանքների վերացման համար: