Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային վարակով հոսպիտալացված հիվանդներից դեռ 8-ը շարունակում են բուժումը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային վարակով հոսպիտալացված հիվանդներից դեռ 8-ը շարունակում են բուժումը
Հասարակություն
17:07, 26 июнь 2021
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել: Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում», նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ ԱՆ երեկ՝ հունիսի 25-ին, հայտնել էր, որ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության: