Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՞րբ սպասենք մեր երեխաների վերադարձին. անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց

Ե՞րբ սպասենք մեր երեխաների վերադարձին. անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց
Հասարակություն
12:14, 28 июнь 2021
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց:

«Վերջին անգամ հավաքվել էինք Ռուսաստանի դեսպանատան դիմաց, մեր խնդրանքն էր, որպեսզի ռուսական կողմն աջակցի մեզ, քանի որ տեղյակ էինք, որ այն մարդիկ, ովքեր գնացել էին եռակողմ բանակցությունների, իրենք կոմպետենտ չէին բանակցությունները վարելու: Մի քանի օր հետո իմացանք, որ բանկացությունները մեր օգտին չէն եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց հարազատներից մեկը:

Նա նշեց, որ մեկ ամսից ավել է, ոչ մի նորություն չունեն և ընտրությունների պատճառով չեն կարողացել հանդիպել վարչապետի պաշտոնակատարի հետ, որպեսզի քնարկեն մի շարք հարցեր, որ հասկանան մինչև հիմա ինչ է կատարվել, և ինչ է կատարվելու այսուհետ:

«Հավաքվել ենք, որպեսզի ընդունի պարոն վարչապետը, տանք մեր հարցերը, իմանանք, ե՞րբ են բերելու մեր երեխեքին, ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ է անելու վերջը, ե՞րբ սպասենք մեր երեխեքի վերադարձին»,-նշեց հավաքված հարազատներից մեկը:

Նա նշեց, որ այս կառավարությունից ոչ մի սպասելիք չունի, և իրենց հարցերն ուղղված են կոնկրետ վարչապետին, իրենց ոչ մի ուրիշ կառույց չի հետաքրքրոում:

Նրանք նշեցին, որ մնալու են այնքան ժամանակ մինչև իրենց ընդունեն:

«Ծնողներ կան Ղարաբաղից են եկել, կան Շամշադինից, Արթիկից: Էլ հնարավոր չի, պետք է հստակ ինչ-որ քայլեր անեն և մեզ պատասխան տան»,-ասաց նա:

Արցախցի ծնողի խոսքով իրենք Արցախում բոլորի հետ հանդիպել են, բայց ոչ ոքից հստակ պատասխան չեն լսել:

«Վիդեո ունենք մեր երեխայից, բայց Կարմիր խաչից մեզ ասացին, որ դա կեղծ վիդեո է, դերասաններ են, բայց մենք նմանեցնում ենք մեր երեխային»,-նշեց նա:

Նրանք նշեցին, որ բոլոր ճանապարհներին դիմել են, էլ հույս չունեն այս կառավարությունից: