Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեռլիտի հանքի շահագործումից տուժած արագածավանցիները կրկին բողոքի ակցիա են անում՝ իրենց պահանջները ներկայացնելով հանքը շահագործող նախկին գյուղապետին․ Տեսանյութ

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում մի քանի օր է, ինչ գյուղացիները բարկացած են, բողոքի ակցիաներ են կազմակերպում։

Խնդիրը համայնքում գործող պեռլիտի հանքն է, որի փոշին փչացնում է գյուղի բերքը, վտանգում գյուղացիների և նրանց անասունների առողջությունը։ 

Ստեղծված իրավիճակում գյուղացիները մեղադրում են գյուղի նախկին գյուղապետ, հանքը շահագործող Էդիկ Ամիրխանյանին։

Հերթական բողոքի ակցիան տեղի է ունենում այսօր։ Գյուղացիները կրկին հավաքվել են Արագածավանում և Էդիկ Ամիրխանյանին են ներկայացնում իրենց պահանջը։ Այն է՝ գործարանների պատշաճ աշխատանքի ապահովում, որի շահագործման արդյունքում չի վնասվի գյուղը։

Նրանք պահանջում են գործարանն այնպես կահավորել, որ փոշի դուրս չգա, իսկ արդեն առկա մեծ քանակությամբ փոշին հողով ծածկել ու գյուղացիներին փողհատուցել՝ արդեն հասցված վնասների դիմաց։

Հիշեցնենք, որ նույնիսկ ծիրանի վրա դրված փոշու պատճառով արտահանողները հրաժարվել էին գնել գյուղացիների բերքը։

Արոտավայրերը նույնպես ծածկված են փոշով, դաշտում գործ անելիս գյուղացիների աչքերը բորբոքվում են։ 

Գյուղացիների խոսքով՝ պեռլիտի հանքերն անօրինական են շահագործվում, գործարաններն աշխատում են առանց լիցենզիայի ու շատ քիչ հարկեր վճարում։

Սյուզի Սիրականյան