Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարալիկում կրքերը նորից թեժանում են․ պահանջում են համայնքապետի հրաժարականը. aravot.am

Մարալիկում կրքերը նորից թեժանում են․ պահանջում են համայնքապետի հրաժարականը. aravot.am
Հասարակություն
14:02, 30 июнь 2021
Այսօր Մարալիկում դարձյալ բողոքի ցույց է․ մի խումբ բնակիչներ ոտքի են կանգնել՝ պահանջելով ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։

«Երկու տարուց ավելի է՝ ասում ենք՝ մեզ կոռումպացված համայնքապետ պետք չէ․ նա թաղված է կոռուպցիոն գործերի մեջ, մի քանի օր առաջ նրան նոր մեղադրանք առաջադրվեց՝ Հայաստանում չգտնվող իր բարեկամուհուն բնակարան նվիրաբերելու ու համայնքի շահերը ոտնահարելու համար։ Բացի այդ, քննչական կոմիտեում նրա նկատմամբ տարբեր տեսակի չարաշահման գործեր են քննվում, անգամ դատարանի վճիռ կա, որով նա երեք տարի ազատազրկման է դատապարտվել ու համաներմամբ պրծել։ Մինչև ե՞րբ պիտի շարունակի փաստաբանների օգնությամբ ժամանակ ձգելն ու համայնքին վնասելը։ Պատճառը հենց դա է, որ ոտքի ենք կանգնել։ Նա ժողովրդի շահերը չի ներկայացնում․ ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսներն օգտագործելով՝ իր սատարած քաղաքական ուժին՝ «Հայաստան» դաշինքին այս ընտրություններում ընդամենը 10-15 տոկոս ձայն է ապահովել։ Հիմա էլ, ինչքան տեղյակ ենք, արձակուրդում է, ժողովրդի առջև պատասխանատվությունից խուսափում է, համայնքում լարված վիճակ է, ինքն արձակուրդ է գնում, տեղում չէ, փախնում է։ Անընդհատ ժամանակ է շահում, մինչև ե՞րբ․․․ Երկու տարի է՝ համայնքապետարանի դռները փակ են, աշխատակազմի հետ տեղափոխվել են երաժշտական դպրոց։ Աշխատակազմին ևս հորդորում ենք պահանջել իրենց ոչ բարով ղեկավարի հրաժարականը։ Նրա պաշտոնավարմանը դեռ 1,5 տարի կա, թող հեռանա ու հնարավորություն տա համայնքի բնականոն զարգացմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը՝ Դավիթ Մելիքյանը։