Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանա լճից բաց թողնված ջրառը այսօրվա դրությամբ կազմում է 197,1 մլն խմ, ինչը նախորդ տարվա համեմատ 55 մլն-ով ավելի է․ Լևոն Ազիզյան

1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։ Այս տարի Սևանա լճի օրը նշվեց օգոստոսի 27-ին։

Սևանա լիճը, աշխարհի քաղցրահամ բարձրադիր լճերի մեջ իր մակերեսով երկրորդն է։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 28-ի դրությամբ 1900,41 մետր է, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 16 սմ-ով։

«Սևանա լճի որակի մոնիթորինգ վերջին անգամ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է օգոստոսի 7-8-ին, և ըստ արդյունքների՝ մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի քանակը 6-7 միլիլիտր է, ինչը բավարար է կենդանական աշխարհի համար։ Հուլիս ամսվա համեմատությամբ նկատվում է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում, ինչը պայմանավորված է կենսազանգվածի քայքայմամբ և այդ ծաղկման փուլի վերջնական արդյունքն է։ Իսկ փոքր Սևանի հատակամերձ շերտում նկատվում է ֆոսֆատի իոնի պարունակության ավելացում, որը պայմանավորված է կենսազանգվածի քայքայմամբ։ Թափանցիկությունը 2 մետր է, ինչը ցածր ցուցանիշ է, իսկ հատակային հատվածում լուծված թթվածնի պարունակությունը 3,6-5 միլիգրամ է ինչը նույնպես ցածր է»,- ասաց Լևոն Ազիզյանը։

Խոսելով նաև լճից բաց թողնված ջրառի քանակի մասին՝ Լևոն Ազիզիյանն ասաց, որ այսօրվա դրությամբ այն կազմում է 197,1 միլիոն խորանարդ մետր, ինչը նախորդ տարվա համեմատ 55 միլիոն խորանարդով ավելի է, որն էլ պայմանավորված է մի քանի գործոնով․ այս տարի ջուրը բաց է թողնվել մայիսի 14-ից, անցյալ տարի՝ հունիսի 3-ից, քանի որ ջրամբարներում կուտակված ջուրը քիչ էր, իսկ գյուղատնտեսական սեզոնը շուտ էր սկսվել։

Լևոն Ազիզյանը նաև նշեց, որ եթե սկսի շահագործվել Վեդու ջրամբարը, որի ծավալը կազմում է 29 միլիոն խորանարդ մետր, զգալիորեն կթեթևացնի Սևանից բաց թողնված ջրի քանակի հետ կապված բեռը։

«1930-ական թվականներից սկսած, երբ սկսեց Սևան-Հրազդան ոռոգման էնէերգետիկ համակարգի շահագործումը, աստիճանաբար դիտվեց Սևանա լճի մակարդակի իջեցում և այսօրվա մակարդակը իր երբևիցե դիտված առավելագույն ծավալից 20 խորանարդ կմ-ով պակաս է, մակերեսն էլ 150 քառակուսի կմ-ով կրճատվել է։ Լճի նվազագույն մակարդակը դիտվել է 2002 թվականի հունվարի 1-ին, 1896, 32 մետր։ Այսօրվա դրությամբ մենք նվազագույն մակարդակից բարձր ենք մոտավորապես 3 մետրով»,- հավելեց Լևոն Ազիզյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Թադևոսյան