Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այն, ինչ ես էի տեսել, երեխաներս էլ տեսան, ամեն ինչ կորցրեցինք, բայց պինդ ենք, նորից նույնը կստեղծենք»․ Շուշիի նախկին բնակիչ

«Այն, ինչ ես էի տեսել, երեխաներս էլ տեսան, ամեն ինչ կորցրեցինք, բայց պինդ ենք, նորից նույնը կստեղծենք»․ Շուշիի նախկին բնակիչ
Հասարակություն
15:50, 23 февраль 2021
«Ձայները կրկնվեցին, ու մի քանի րոպեից ազդանշանը միացվեց։ Բարձրացանք բարձունքը, տեսանք ծուխը ու հասկացանք, որ պատերազմը սկսվել է»․․․

35-ամյա Մարիա Գրիգորյանը Արցախյան երկրորդ պատերազմի առաջին ձայները լսել է հայրենի Շուշի քաղաքում սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան։ Նրա խոսքով՝ պայթյուններից միանգամից չեն հասկացել, որ պատերազմ է, ու կարծել են՝ լսվող ձայները զորավարժությունների ձայներ են։

«Տարեց մարդիկ կային, որ չէին կարողանում տեղաշարժվել, օգնեցինք բոլորին, հավաքեցինք ու պատսպարվեցինք նկուղներում։ Այնտեղ լույս չկար, սնունդ չկար։ Մարկանց մի մասը գիշերանոցներով էին։ Կյանքում չեմ մոռանա այդ պահը։ Դա ավելի ծանր ենք տարել, քան ավելի ուշ Շուշիի մշակույթի տան վրա հարվածը, որի ապաստարանում մենք պատսպարված էինք», - պատմում է Մարիան։

Մարիայի ամուսինը՝ 35 ամյա Էմիլ Ավանեսյանը պատերազմին մասնակցել է սեպտեմբերի 27-ից՝ որպես ՄՈԲ զինծառայող՝ Մարտակերտից դեպի Աղդամ ընկած հատվածում՝ Մարտունի քաղաքի մատույցներում։ Պատերազմում կռվել է որպես հրետանավոր։

Նախքան մեկնելը նա կնոջը, երկու երեխաներին և մորը, տեղափոխել է Շուշիի մշակույթի տան նկուղում գտնվող ապաստարան։ Այնտեղ, գրեթե 150 հոգու Էմիլը իր սեփական սուպերմարկետի սնունդով և ջրով ապահովելուց հետո, մեկնել է առաջնագիծ։

Հոկտեմբերի 4-ին, սակայն, մշակույթի տունը առաջին հարվածը ստացավ, որից հետո կամավորների օգնությամբ ընտանիքը տեղափոխել է Երևան, իսկ նոյեմբերի 15-ին՝ Արմավիրի մարզի Այգեկ գյուղ, որտեղ էլ մինչ օրս ապրում են։

Այժմ ընտանիքը ապրում է 3 սենյականոց բնակարանում՝ բարեկամների հետ միասին՝ 12 հոգով։ Մարիան և ամուսինը բարձրագույն կրթություն ունեն։ Էմիլը ինժեներ է, իսկ Մարիան՝ կենսաբան, գիտությունների թեկնածու, սակայն, դեռևս չեն կարողանում աշխատանք գտնել։ Ամուսնու խոսքով՝ աշխատանք է փնտրում և՛ Արցախում, և՛ այստեղ՝ Հայաստանում, սակայն ապարդյուն։

Ընտանիքը Արցախում կորցրել է 4 տունը և իր բիզնեսը։ Ակնկալում են, որ պետությունը Արցախում նրանց կապահովի գոնե մեկ տնով և կկարողանան վերադառնալ հայրենիք։ 

Էմիլ Ավանեսյանի խոսքով՝ պատերազմի առաջին 2 օրերից արդեն պարզ է դարձել, որ իրավիճակը լուրջ է, և 80 տոկոսով չէին հավատում, որ հետ կգան։ 

«Մտածում էինք, եթե մենք հետ չգանք էլ, մեր ընտանիքների, երեխաների, հայրենիքի համար մինչև վերջ պիտի գնանք։ Ես համոզված եմ, որ ով եղել է առաջնագծում, մեծ մասը պատրաստ է եղել կյանքը տալ նույնիսկ, միայն թե այսպիտի ելք չլիներ, քանի որ այսպես ավելի դժվար է ապրելը, քան չապրելը»,- նշում է Էմիլը։ 

Շուշիի անկման մասին Էմիլը իմացել է նոյեմբերի 7-ին։ Շուշիից տեղեկացրել են, որ առավոտյան ժամը 9-ից քաղաքից դուրս գալու հրահանգ կա։

 «Նոյեմբերի 6ին՝ ժամը, մոտավորապես, 18։30-ին Շուշիից ինձ ասացին, որ մեկուկես ժամվա մարտ է մնացել, որպեսզի Շուշիի մատույցներում գտնվող ադրբեջանական դիվերսիոն խմբերին մաքրեն։ Ուրախացանք, սրտներս եկավ տեղը։ Սակայն ամսի 7-ին զանգեցինք, ասացին, որ գիշերը մոտ 2000 ադրբեջանական հատուկ ջոկատայիններ են մուտք գործել Շուշի»,- պատմում է նա։
Էմիը պատերազմի դաշտում եղել է 44 օր, իսկ կինը ոչ մի օր չի դադարել աղոթել  նրա համար։

«Իմ մոմը 44 օր չի հանգել։ Ամեն օր աղոթում էինք, գնում էինք Էջմիածին, աստվածաշունչ էինք կարդում։ Երեխաների վիճակն էլ էր ծանր, կարոտում էին։ Միշտ հույս էի տալիս, որ գնալու ենք մեր տուն, գնալու ենք Շուշի։ Տղաս մեծ է՝ 10 տարեկան, կարողանում է հուզմունքը զսպել։ Բայց աղջիկս 3 տարեկան է։ Հենց հեռուստացույցով Շուշիի եկեղեցին է տեսնում, իրենից անկախ լացում է։ Իր տունն է ուզում, խաղալիքները, մանկապարտեզը», -պատմում է Մարիան։

Նա, ինչպես իր աղջիկը, 3 տարեկան է եղել, երբ սկսվել է 88-ի շարժումը։ Մարիայի հայրը իրենց հայրենի Խրամորթ գյուղի հրամանատարն է եղել, ով 1993 թվականին վիրավորվել է՝ գյուղը հետ վերցնելու ժամանակ։ Նրանց տունը, սակայն, ավերվել է ռմբակոծությունից։ Նորից կորցրել են ամենինչ ու տեղափոխվել քաղաք Իվանյան (Խոջալու)։

«Այն, ինչ ես տեսել եմ, նույնը տեսան երեխաներս։ Ամեն ինչ կորցրեցինք։ Բայց ոչինչ, պինդ ենք, նորից կշարունակենք ապրել, նորից նույնը կստեղծենք», -  ասում է Մարիան։

 Սյուզի Սիրականյան