Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ջուր չկա՝ գնացեք, Փաշինյանին դիմեք»․ Ձորագյուղցին ահազանգում է, որ ՀՀԿ-ական գյուղապետը միայն իր շրջապատի համար է ջուր ապահովում

«Ջուր չկա՝ գնացեք, Փաշինյանին դիմեք»․ Ձորագյուղցին ահազանգում է, որ ՀՀԿ-ական գյուղապետը միայն իր շրջապատի համար է ջուր ապահովում
Հասարակություն
18:34, 02 июль 2021
Civic.am-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից ահազանգել են, որ գյուղում տեւական ժամանակ է խմելու եւ ոռոգման ջուր չկա, իսկ եղած ժամանակ տալիս են կարճ ժամանակով՝ «գրամներով»։

Համայնքի բնակիչներից Դանիել Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքապետին դիմել են, ով գյուղացիներին հորդորել է դիմել Նիկոլ Փաշինյանին։

«Խմելու ջուր չկա ամբողջ գյուղում, ոռոգման ջուր 4-5 օր է տվել են, եկեք մեր հողամասերը նայեք, որ վառվել թափել է։ Մարդ կա մինչև հիմի կարտոշկեն չի ջրել, որ պիտի 4 անգամ արդեն ջրած լիներ։ Մենք ոնց-որ ստրուկ լինենք էս գյուղում, մոտենում ենք մի հարցով, ասում է՝ գնացեք Փաշինյանին դիմեք, չկա։ Ես դիմել եմ, որ ջուր քաշեմ ընդհանուր գծից՝ չի թողում, որ ասֆալտը 4 մետր չքանդվի,իսկ իրանց ուզած մարդկանց համար կրկնակի եռակի ջուր ա քաշել։ 30 տարվա գյուղապետ է մի անգամ ժողով չի արել, իրա համար, իրա մարդկանց համար ապրող գյուղապետ է», -ասաց նա։

Ավելի քան 21 տարի Ձորագյուղ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Լևիկ Գրիգորյանը, ով նախկին ՀՀԿ-ական մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի եղբայրն է՝ մեզ հետ զրույցում հերքեց գյուղացիների պնդումները, թե ամբողջ գյուղում ջուր չկա եւ ասաց․ «Կարող է գյուղի 1%-ը ջուր չունի, բնականաբար իրենք դժգոհում են։ Երեկ եկել են մարզպետարանից, տեղում ուսումնասիրեցին, մարդկանց բացատրեցին, որ երաշտ է եւ բոլորս էլ տեսնում ենք ինչ է կատարվում, նաեւ մյուս մարզերում։ Ջրի խնդիր գյուղը չունի, հիմա եթե 5000-անոց համայնքից մեկը ջուր չունի՝ նշանակում է գյուղը խնդիրներ ունի՞», - ասաց  Գրիգորյանը եւ մեզնից հարցրեց, թե որ բնակիչն է խնդրի մասին ահազանգել․ «Անուն ազգանունը կասե՞ք էդ բնակչի»։

Հարցին՝ եղե՞լ է նման դեպք, որ բնակչին հորդորեք դիմի Նիկոլ Փաշինյանին, Գրիգորյանը պատասխանեց․ «Ձորագյուղում նման բան բան չի եղել,  էդ ով որ տենց ասում ա, հիմա ասել էի․․․ Ասենք դուք մտածում եք, որ 20 տարի աշխատած համայնքապետը նման բան թույլ կտա ասի, հա՞, եթե տվյալ համայնքը 70%-ով քվե է տվել գործող իշխանություններին։ Գյուղը չի ունեցել ո՛չ ոռոգման, ո՛չ էլ խմելու ջրի խնդիր, ելնելով իրավիճակից՝ ցերեկային ժամերին տալիս ենք ջուր»։

ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ասաց, որ Ձորագյուղ համայնքում ջրի բաշխման շարժիչի հետ կապված խնդիր է եղել, որը տեւել է 2 օր եւ այժմ կարգավորվել է։ Մինչդեռ գյուղացին պնդում է հակառակը։