Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունեմ, որ մինչև մահս ես պիտի Շուշիի փողոցներում քայլեմ. Սասուն Միքայելյան

Շարունակելով սահմաններում մարտական հերթապահությունը՝ փետրվարի 22-ին Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը մեկնեցին սահման՝ մարտական հերթափոխի, հայտնում է Armtimes.com-ը։

ԵԿՄ-ից հայտնում են, որ 225 հոգի՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզի տարածքային բաժանմունքների, Արտաշատի տարածքային բաժանմունքի, Երկրապահ կամավորականների միության «Կարմիր բերետների» վաշտերը կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները, կապահովեն սահմանների անվտանգությունը:

Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն է մաղթել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Բոլորս էլ գիտենք, թե ինչ իրավիճակ է հիմա մեր սահմաններին: Մենք պետք է գիտակցաբար մեր գործն անենք, սահմանները պահենք, ավելի հզորանանք:
Դուք գիտեք, որ Երկրապահն արդեն նոր մարդիկ է ընդգրկում, ավելի երիտասարդների, բոլոր բաժանմունքներում համալրում է լինելու:

Միշտ պետք է զգոն լինենք, թշնամին նենգ է, ձեր զգոնությունը մի կորցրեք: Ես հույս ունեմ, որ մինչև մահս ես պիտի Շուշվա փողոցներում քայլեմ ձեզ հետ միասին: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առաջ:

Հիշենք, այն տղաները որտեղ որ ընկան՝ մեր հողի վրա, դա արդեն սրբավայր է, մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը: Փառք ու պատիվ բոլոր ընկածներին, ձեզ բարի ծառայություն»,- ասաց Սասուն Միքայելյանը: