Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առևանգված» հայկական օդանավն ավելի վաղ է անհետացել

«Առևանգված» հայկական օդանավն ավելի վաղ է անհետացել
Հասարակություն
17:23, 23 февраль 2021
«Եթե գնացքը, կամ ավտոմեքենան կարող է Էստոնիայից գալ և ուրիշ տեղ գնալ, ապա օդանավը չի կարող Էստոնիայի թռիչքով թռչի մինչև չունենա վայրէջքն ընդունող երկրի ավիացիայի ու օդանավակայանի  թույլտվությունը։ Սրանից կարելի է հետևել, որ մեր ավիացիոն վարչությունն անտեղյակ է եղել, որ այդ օդանավը դուրս է եկել Էստոնիայից»,-Civic.am-ի հետ զրույցում նաև այս տեսակետը հայտնեց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանն անդրադառնալով մամուլում շրջանառվող EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին լուրերին։ 

Նշենք, որ Երևանի փոխարեն Թեհրանում է վայրէջք կատարել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի կողմից վարձակալված Բոինգ-737 օդանավը, որը գրանցված է հայկական պետական ռեգիստրում։ Մամուլում օդանավի առևանգման մասին տեղեկատվությունը թեպետ տարածվել էր փետրվարի 22-ին, այնուամենայնիվ օդանավն ավելի վաղ է անհետացել․ Civic.am-ի տեղեկություններով փետրվարի 19-ին։ 
Նավիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ օդանավը վարձակալված է ընկերության կողմից, իսկ օդանավի նախկին շահագործողը լիտվական ընկերություն է։ 

«Երբ Էստոնիայից թռել է Երևան գալու համար՝ նշանակում է հայկական կողմը տվել է թույլտվություն։ Հյուսիսից Հայաստան գալու երկու ճանապարհ կա՝ կամ Վրաստանով գա մտնի Հայաստան, կամ Թուրքիայի վրայով գա։ Ավիացոն կանոններով հնարավոր է տեխնիկական պատճառ է եղել օդում, որ օդանավը մտել է հայկական տարածք, բայց վայրէջք չի կատարել «Զվարթնոց» օդանավակայանում և գնացել է ավելի հարավ՝ իջնելով Թեհրան»,-մեկնաբանեց ավիացիոն փորձագետը։  

Նավիկ Խաչատրյանը շեշտեց, որ օդանավը վարող օդաչուն պետք է բացատրություն տա, թե ինչ իրավիճակ է եղել օդում, որ թռիչքի պլանը փոփոխության է ենթարկվել։ Իսկ բացատրություն տալու համար ժամեր ու օրեր պետք չեն, ընդամնեը մեկ զանգ, եթե հայկական կողմը տեղյակ չէ։ 

«Հայաստանում միշտ ընդունված է, որ եթե ինչ-որ պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը զբաղված է և վայրէջքը չի թույլատրվում, որպես երկրորդ օդանավակայան՝ վայրէջք են կատարում Գյումրիում։ Պետք է սպասել Կոմիտեի գրառմանը՝ թե ինչու օդանավը չի իջել Երևանում»,-ասաց մեր զրուցակիցն ու նշեց, որ երբ օդանավը բերում են գրանցման երկիր՝ այդ պարագայում օդանավը վարում են երկու օդաչուներն ու նաև մեկ տեխնիկական՝ ինժեներական կադր։ 

Նավիկ Խաչատրյանը հավաստեց, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ունի օդանավերի շահագործման վկայական, և EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավը  հունվարի 13-ին գրանցվել է հայկական պետական ռեգիստրում․ «Ես հակված չեմ առևանգման վարկածին, այն նման է կոմերցիոն պայմանավորված չվերթի»։ 

Օդանավի առևանգման հրապարակումներին անդրադառնալով՝ Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ կոմիտեն տեղյակ է Boeing 737 տիպի օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: 

Նարա Մարտիրոսյան