Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սպասում ենք դեպի եվրոպական երկրներ վիզաների կարգի վերջնական հստակեցմանը». տուր-մենեջերը՝ դեպի Եվրոպա տուր-փաթեթների մասին

«Սպասում ենք դեպի եվրոպական երկրներ վիզաների կարգի վերջնական հստակեցմանը». տուր-մենեջերը՝ դեպի Եվրոպա տուր-փաթեթների մասին
Հասարակություն
18:18, 05 июль 2021
Արդեն մի քանի օր է, ինչ Եվրոպական խորհուրդը որոշել է Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները չեղարկվել են:

Նախկինում առանց այս որոշման ԵՄ անդամ որևէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար:

Սակայն այժմ այս պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն`երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին: Հայաստանի հետ սահմաններ բացելու մասին արդեն հայտարարել է Գերմանիան:

«ONE WAY TOUR» տուրիստական գործակալությունը Civic.am-ին ներկայացրեց այս իրավիճակում Հայաստանում արտագնա տուրիզմի աշխատանք: Ըստ գործակալության՝ Հայաստանում մարդկանց կողմից հետաքրքրվածությունը՝ եվրոպակա երկրներ մեկնելու, միշտ կա:

Հայ տուրիստների համար ամենապահանջված եվրոպական երկիրը Հունաստանն է, այնուհետև Կիպրոսը և Իսպանիան: Սակայն, դեռևս վիզայի ընթացակարգի հստակության խնդիր կա, այդ պատճառով գործակալությունը փաթեթների վաճառք դեռ չի իրականացնում.
«Սպասում ենք վերջնական վիզաների կարգի հստակեցմանը, քանի որ յուրաքանչյուր երկիր օրերի և կարգի հետ կապված որոշակի փոփոխություններ կարող է ունենալ, դեռևս այդ ինֆորմացիան նրանց կողմից հստակ չէ: Կարծում ենք՝ մյուս շաբաթ արդեն դա էլ կհստակեցվի և կսկսենք փաթեթների վաճառքը», - նշեց գործակալության արտագնա տուր-մենեջերը:

Եվրոպական երկրներ մեկնելու համար կորոնավիրուսին առընչվող կարգը նույնն է՝ կա՛մ թեստավորում, կա՛մ պատվաստում, որի մասին, ըստ մենեջերի, դեռևս մի քանի երկրից կա նախնական ինֆորմացիա. «Պետք է մարդիկ պատվաստված լինեն գնալուց, եթե չեմ սխալվում, 14 օր առաջ, կամ բացասական թեստի պատասխան ունենան: Սակայն, թե որ երկրի դեպքում, ինչպես կլինի, դա դեռ պարզ չէ»:

Նշենք, որ Հայաստանից բացի «ապահով» երկրների ցանկում են մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում` Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա: Ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: