Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես պատասխանող կողմ կներգրավվի ԿԸՀ-ն. խոսնակը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով ՍԴ նիստի մասին

Որպես պատասխանող կողմ կներգրավվի ԿԸՀ-ն. խոսնակը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով ՍԴ նիստի մասին
Հասարակություն
19:16, 05 июль 2021
Ստորև ներկայացնում եմ 2021 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի կայացրած աշխատակարգային որոշումների հակիրճ բովանդակությունը. ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի խոսնակ Եվա Թովմասյանը:

Որոշումների ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «Աշխատակարգային որոշումներ» բաժնում

1․ Հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և կքննվեն դատարանի նույն նիստում:

2․ Միավորված գործով զեկուցող դատավոր է նշանակվել Է․ Շաթիրյանը։

3․ Միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին, ժամը 11։00-ին։

4․ Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։ 

5․ Որպես պատասխանող կողմ կներգրավվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կներգրավվեն որպես հարակից պատասխանողներ։