Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների համար հասանելի դարձած Մարտակերտ-Վարդենիս ճանապարհն անհասանելի է դրմբոնցիներին․ Ռուս խաղաղապահները չեն արձագանքում դիմումին

Ադրբեջանցիների համար հասանելի դարձած Մարտակերտ-Վարդենիս ճանապարհն անհասանելի է դրմբոնցիներին․ Ռուս խաղաղապահները չեն արձագանքում դիմումին
Հասարակություն
18:03, 23 февраль 2021
Մարտակերտ-Վադենիս ճանապարհից օգտվելու համար ժամանակ առաջ ճանապարհ փակած ու խաղաղապահներին դիմած Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները մինչ այժմ պատասխան չեն ստացել խաղաղապահներից։ Այս մասին Civic.am-ին ասաց Դրմբոնի գյուղապետ Աշոտ Հակոբյանը։  

Նշենք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով երթևեկում են նաև ադրբեջանցիները, սակայն հայերը չեն կարողանում նույն խաղաղապահների ուղեկցությամբ օգտվել ճանապարհի՝ Ադրբեջանի վերահդսկողության տակ անցած հատվածից։ Արդյունքում՝ Գետավանի, Դրմբոնի և Մարտակերտի շրջանի բնակիչները Վարդենիս հասնելու համար այսօր կտրում են մի քանի անգամ ավելի ճանապարհ, քան նախկինում․ Եթե Դրմբոնից Վարդենիս 90 կմ է, ապա հիմա 600 կմ ճանապարհ են կտրում՝ Վարդենիս հասնելու համար: 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը Լուսինե Ավանեսյանը Civic.am-ին ասաց, որ այդ ճանապարհը ադրբեջանցիներն  օգտագործել են պատերազմի ավարտի առաջին իսկ օրվանից, իսկ թե ինչ հիմքով, «պետք է հարցնել եռակողմ հայտարարությունը ստորագրողներին»։ 

Մեր հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցիները այդ ճանապարհով զենք էլ են տեղափոխում, խոսնակը պատասխանեց, թե դա պետք է ճշտել ռուս խաղաղապահներից։

Հիշեցնենք, որ Դրմբոն գյուղի բնակիչները խաղաղապահներին նամակ էին փոխանցել, վերը նշված պահանջով, սակայն գյուղապետի փոխանցմամբ, խաղաղապահները նամակին այդպես էլ չեն պատասխանել։
 
Սյուզի Սիրականյան