Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձորագյուղցին պնդում է,որ մինչև հիմա ջուր չունի, բայց պատկան մարմինները հակառակն են ասում

Ձորագյուղցին պնդում է,որ մինչև հիմա ջուր չունի, բայց պատկան մարմինները հակառակն են ասում
Հասարակություն
16:36, 06 июль 2021
Օրեր առաջ Civic.amգրել էր, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեւական ժամանակ է խմելու եւ ոռոգման ջուր չկա։

Համայնքի բնակիչներից Դանիել Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ համայնքապետին դիմել են, ով գյուղացիներին հորդորել է դիմել Նիկոլ Փաշինյանին։

Խաչատրյանը այսօր էլ կրկնեց նույնը՝ կա ջրի խնդիր․ «Գյուղում ահավոր վիճակ է արդեն 1 ամսից ավել։ Խմելու ջուր էլ չկա, գիշերը քիչ ժամանակով տալիս են ոռոգման ջուր, ցերեկը խմելու ջուր չկա, մի գրամ ջուր չի գալիս։ Անասուններն էլ սատկում են», - ասաց նա։

Գեղարքունիքի Ջրօգտագործողների ընկերությունների միության տնօրեն Արտաշ Սարդարյանը ասաց․ «Ես մասնագետներին հանձնարարել եմ, գնացել պարզել են, որ խնդիրը չի վերաբերում ոռոգման ջրին։ Խմելու ջրի հետ կապված ոչնիչ չեմ կարող ասել, մենք դրա հետ կապ չունենք»։

Սարդարյանը հավելեց, որ գյուղի ջրակայանում շարժիչ է վառվել շատ մեծ արժողությամբ․ «Որը Ջրային կոմիտեի աջակցությամբ մենք գնել ենք եւ տեղադրել ենք համայնքում, որ մեկ շաբաթից ավել է նորմալ աշխատում է», - ասաց նա։

Իսկ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը ասաց, որ խոսել է Ձորագյուղի համայնքապետի հետ․ «Ես գյուղապետի հետ եմ խոսել անձամբ, այնտեղ ավագանին որոշում է կայացրել՝ առանձին ժամեր են դրել կեսօրվա ժամեր, հայտարարություն են տվել, որ ջուր չի լինի․ ստիպված ոռոգման համար օգտագործում են էդ ջուրը։ Պայմանավորվել են, որ մինչեւ հուլիսի կես կարգավորվելու է։ Իրանք անսահմանափակ ջուր ունեն, ուղղակի ավագանու որոշումով նման բան են արել, դա կտեւի մինչեւ հուլիսի 15, ջուր շատ կա կբավարարի»։