Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կամերային երաժշտական թատրոնի գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված. Դումանյան

Կամերային երաժշտական թատրոնի գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված. Դումանյան
Մշակույթ
22:53, 23 июль 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 23-ին ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ՝ թատրոնի ներկայացուցիչները նախարարին են հայտնել կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ:

Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է այն փաստը, որ չնայած հարցին առնչվող տարակարծություններին՝ հրապարակային ելույթներն ընթանում են բարեկիրթ մթնոլորտում: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Վահրամ Դումանյանը հետագայում, ըստ անհրաժեշտության, ստեղծագործական ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։